ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իշխանությունը մի ձեռքով փորձում է հարաբերություններ կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ մյուսով՝ նույն ՌԴ-ին հանցագործ է անվանում. Մարուքյան

Իշխանությունը մի ձեռքով փորձում է հարաբերություններ կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ մյուսով՝ նույն ՌԴ-ին հանցագործ է անվանում. Մարուքյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Մատվիենկոյին հրավիրում է Հայաստան, և վերջինս ընդունում է հրավերը։ Փաստում ենք, որ որևէ պետության խորհրդարանի նախագահ առանց հրավերի չի կարող պաշտոնական այց կատարել որևէ երկիր։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ երբ այցի մասին պաշտոնական հայտարարություն է տարածվում, վարչապետին պատկանող լրատվամիջոցը զրուցում է մի փորձագետի հետ, որը նախ հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերություններին նոր լիցք հաղորդելը նշանակում է նոր լիցք հաղորդել այն հանցագործություններին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի նկատմամբ և որոնց մասնակից է եղել Ռուսաստանը, հետո էլ նշում. «Նոյեմբերի 9-ը Հայաստանի կապիտուլյացիան է»։ Այսինքն՝ մերձիշխանական փորձագետը կրկնում է Սերժ Սարգսյանի «կապիտուլյանտ» ձևակերպումը, ինչին Փաշինյանը բազմիցս հակադարձել է։

Այսպիսով, իշխանությունը մի ձեռքով փորձում է հարաբերություններ կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ մյուսով՝ նույն ՌԴ-ին հանցագործ է անվանում։ Սա ի՞նչ քաղաքականություն է։
Սրանով ինչի՞ ենք ուզում հասնել ու դեռ որքա՞ն պետք է ժողովուրդը տուժի այս քաղաքականության պատճառով։

Ցանկանո՞ւմ եք հարաբերություններ կարգավորել ու միջգերատեսչական շփումներ ունենալ, ուրեմն արեք դա նորմալ՝ առանց «տակից խաղեր տալու»։ Իսկ եթե չեք ցանկանում, գտնում եք, որ հանցագործ են, ուրեմն ինչո՞ւ եք հրավիրում, որ ասեք, թե անգամ հրավիրեցիք, եկան-գնացին, մեկ է՝ էլի հարաբերություններում ճգնաժամ կա։

Եվ ամենաաբսուրդը՝ այդ երբվանի՞ց է որոշվել, որ ՀԺ-ում կարող են վարչապետի ստորագրած փաստաթուղթը անվանել կապիտուլյացիա այնպես, ինչպես Մյունխենում Ալիևն է ասել։
Գուցե՞ բան է փոխվել…»։

  • Կիսվել: