Իշխանությունը ԼՂ-ն դիտարկում է Ադրբեջանի մաս. Թևանյանը թվարկեց տեսակետների տարբերությունը
ՀՀ իշխանությունները Ղարաբաղը դիտարկում են որպես Ադրբեջանի մաս, իսկ ընդդիմությունը` ոչ։ Այս մասին այսօր ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության կողմից կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով Արցախի թեմայով իշխանության և ընդդիմության տեսակետների տարբերությունը։
Նշենք, որ լսումները Ադրբեջանի կողմից Լաչինը պարբերաբար փակելու թեմայով են։ Իշխանական պատգամավորները ներկա չեն դրանց։ Լսումները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ` հարգելով բոլոր անմեղ զոհերի հիշատակը։ Այնուհետև Միքայել եպիսկոպոս Աջապահյանը տերունական աղոթք կարդաց։
«Մենք կարծում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը պետք է լինի ՀՀ քաղաքական օրակարգում։ Համոզված ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՀՀ–ն հանձնառություն ունի Արցախի անվտանգությանը տեր կանգնելու։ Հենց այս կետերի շուրջ իշխանությունները մեզ հետ համաձայն չեն»,–ասաց Թևանյանը։
Նա հավելեց, որ ՀՀ իշխանությունները գտնում են, որ Արցախի ինքնորոշման հարց չպետք է լինի ՀՀ օրակարգում, իշխանությունը հրաժարվում է այն իրական պարտավորությունից, որը նախատեսված է օրենսդրությամբ։
Թևանյանը նշեց նաև, որ ՀՀ իշխանություններն առևտրի առարկա են դարձրել Հայաստանի և Արցախի գոյությունը։ Ավելին, ըստ նրա, եթե նայենք Արևմուտք–ՌԴ հակադրությանը և թե ով ինչ դիրքորոշում է բռնել, ապա կտեսնենք, որ ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանը, ամենաշատն է միացած արևմտյան կոալիցիային` մինչդեռ մեր խնդիրը պետք է լիներ դուրս գալ բախման արանքից։
Պատգամավորը կարծում է` Լաչինի հետ կապված խնդիրներն առայժմ գտնվում են ներքաղաքական կյանքում և կարող են փոփոխություն մտցնել իրավիճակում, եթե կարողանան հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով Հայաստանի քաղաքականության փոփոխություն մտցնել։