ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իշխանությունը կրկին պատրաստվում է ժողովրդի թիկունքում գնալ գործարքի. Սաղաթելյան

Իշխանությունը կրկին պատրաստվում է ժողովրդի թիկունքում գնալ գործարքի. Սաղաթելյան

Այս օրերին իշխանությունն ու իր սպասարկուները փորձում են ժողովրդին մոլորեցնել՝ ասելով, որ Ադրբեջանի հինգ առաջարկներին պատասխանել են վեց առաջարկերով։ Փորձում են ժողովրդին մոլորեցնել, թե պաշտպանում են Արցախի շահերը, սակայն իրականում կրկին պատրաստվում են ժողովրդի թիկունքում գնալ գործարքի: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ժողովուրդ, սուտ են ասում։ Մենք խնդիր ենք դրել, որն իրենք չեն լուծել, որ հստակ հայտարարեն, որ չեն պատկերացնում որևէ լուծում, որի դեպքում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։ Եթե այս ձևակերպումից մեկ բառ ավել-պակաս, ապա դա նիկոլություն է, ժողովրդին խաբել է, մենք ձեզ չենք հավատում: Այո՛, Արցախը երբեք չի կարող լինելո Ադրբեջանի կազմում՛՛:

Սաղաթելյանը նշեց, որ վաղը պետք է շարունակեն անհնազանդության ակցիաները՝ առավոտյան ժամը 08.00 կրկին դուրս գալով փողոց։ Նա ասաց, որ մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է արվելու, կշրջափակվեն կառավարական շենքեր։

՛՛Մենք վաղն առավոտյան ամբողջ քաղաքի երթևեկությունը պետք է կաթվածահար անենք, եթե պետք լինի՝ կշրջափակենք նաև կառավարության շենքերն ու մետրոն՛՛,-ասաց Սաղաթելյանը:

ԱԺ փոխխոսնակը նշեց նաև, որ, ըստ իրեն զեկուցած թվերի, այսօրվա ցույցին մասնակցել են 40-50 հազար ցուցարարներ:

Նա նաև ասաց, որ այսօր այնքան շատ մարդ են բերման ենթարկել, որ մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներում տեղ չի եղել, և մարդկանց ստիպված տարել են մարզեր։

՛՛Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: