շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Իշխանությունը կոմպլեքս ունի՞ ՌԴ հետ հարաբերություններում». պաշտպանության նախկին փոխնախարարi դիտարկումները

«Իշխանությունը կոմպլեքս ունի՞ ՌԴ հետ հարաբերություններում». պաշտպանության նախկին փոխնախարարi դիտարկումները

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը «Իշխանությունը կոմպլեքս ունի՞ ՌԴ հետ հարաբերություններում» խորագրի շրջանակում անդրադարձել է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությանը՝ ներկայացնելով իր դիտարկումները Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովման ռազմավարական ձևակերպումների վերաբերյալ:

 

«1. Արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորում’ բաժնում արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացման սկզբունքները լիարժեք չեն արտահայտում արդյունավետ արտաքին քաղաքականության մեթոդաբանությունը (կետ 4.2): Հատկապես բացակայում է շահերի համադրման և որևէ տիպի հակասությունների վրա արտաքին քաղաքականության վարման սկզբունքի բացակայությունը: Այն միշտ անկյունաքարային սկզբունք է եղել ՀՀ արտաքին քաղաքականության համար և բազմիցս ապացուցել է իր արդարացիությունը:

2. Տարօրինակ է այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ձևակերպումներում հատուկ ընդգծվում է միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքի կարևորությունը (կետ 4.7), ինչը չի արվում այլ պետությունների հետ համագործակցության մասին ձևակերպումներում: Ի՞նչ է սա նշանակում, իշխանությունը հատուկ նախապաշարմունք ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում, թե՞ ՌԴ կողմից ինչ-ինչ հարցերում արդեն հասցրել է ասիմետրիկ իրավահավասարության ազդանշաններ ստանալ:

3. Հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգերն ու առաջնահերթությունները, խիստ էական կլիներ Ֆրանսիայի, Իրանի և Վրաստանի հետ համագործակցության առանքային խնդիրները ձևակերպել և բացել առանձին կետերով ( կետ 4.9; 4.10): Փոխարենը՝ ռազմավարության տեքստում տեղ են գտել անհարկի կրկնվող և անէական նշանակությամբ տարբեր ձևակերպումներ: Իսկ 4.13 կետում ճիշտ կլինի դուրս հանել «նաև» շաղկապը:
 

4. “Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում” բաժնում չի երևում ՀՀ ՊՆ վերջերս որդեգրած` ըստ անհրաժեշտության նախահարձակ լինելու, և նոր ագրեսիաների պարագայում հարձակողական գործողությունների կիրառման հավանականության մասին որևէ միտք: Այն, ի դեպ, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ագրեսիվ ռազմաքաղաքական փոփոխությունների ֆոնի վրա` լրիվությամբ ընկալվում է որպես զսպման հանգամանքներից մեկը:

5. Ինչպես ողջ փաստաթղթում, այնպես էլ «Արցախի անվտանգության ապահովում» բաժնում չի կիրառվում «Արցախի Հանրապետություն» տերմինը՝ փոխարենը նշելով «Արցախ» անվանումը: Նույնիսկ 4.29 կետում չի նշվում, որ 1994 թ. հրադադարը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից: Բացի այդ, ռազմավարության տեքստում մի քանի անգամ կրկնվում է “Արցախի” կարգավիճակ և «Արցախի անվտանգություն» բառակապակցությունները, որոնք որևէ կետում սահմանված չեն, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ է հասկանում այդ ձևակերպումների տակ: Սա լայն անորոշություն է, որտեղ կոնկրետացված չէ հակամարտության բուն նպատակը, ինչն օրինակ հստակ սահմաված էր նախորդ` 2007 թ. Ռազմավարության տեքստում. «Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»:

6. Ազգային անվտանգության ռամավարությունը միշտ էլ կարելի է վերանայել և լրացումներ իրականացնել: Ուստի տեղին կլինի, հատկապես Տավուշի սահմանամեձ որոշ դիրքերում Ադրբեջանի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների մատնանշմամբ ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության ռազմավարական հարց համարել նաև սահմանագծի ողջ երկայնքով վստահության մեխանիզմների ներդրման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը: Այն որպես լրացում կարելի է ձևակերպել 4.24 կետի շարունակության մեջ»,-գրել նախկին պատգամավորը։

  • Կիսվել: