կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Բրիտանիայում ամերիկյան բազայի վրա ենթադրյալ հարձակման գործում իրանական հետք են կասկածում

Բրիտանիայում ամերիկյան բազայի վրա ենթադրյալ հարձակման գործում իրանական հետք են կասկածում

Բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունը ստուգում է, թե արդյոք Իրանը կարո՞ղ է կապված լինել Անգլիայի Գլոստերշիր կոմսությունում գտնվող RAF Fairford ավիաբազայի մոտ ենթադրյալ պայթեցման փորձի հետ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռմբակոծիչներ, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Միևնույն ժամանակ, կանխված գործողության ծագումը առայժմ չի հաստատվել։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ մի քանի տղամարդ բերման են ենթարկվել պայթուցիկ նյութերի մասին օրենքի խախտումների կասկածանքով։ Ավելի ուշ հետաքննությունը փոխանցվել է Counter Terrorism Policing ստորաբաժանմանը, որը ուսումնասիրում է տեղի ունեցածի հնարավոր ահաբեկչական բաղադրիչը։ Ոստիկանությունն առայժմ չի պնդում, որ միջադեպի հետևում Իրանն է կանգնած։

Ավիաբազայի հարևանությամբ գտնվող Ուելֆորդ գյուղում հայտարարվել է խոշոր արտակարգ պատահարի ռեժիմ։ Մի քանի տուն տարհանվել է, բնակիչներին ուղարկել են տեղական ժամանցի կենտրոն։ Տարածքը շրջափակվել է, իսկ բրիտանական բանակի պայթյունավտանգ առարկաների վնասազերծման մասնագետները զննել են մի քանի ավտոմեքենա։ Ոստիկանությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է։

Ոստիկանության տվյալներով, ազդանշանը ստացվել է այն բանից հետո, երբ իրավապահները ուշադրություն են դարձրել RAF Fairford-ի ուղղությամբ շարժվող մի քանի կասկածելի ավտոմեքենաների վրա։ Արդյունքում ձերբակալվել է հինգ տղամարդ, հետաքննությունը շարունակվում է։

Միջադեպը հատուկ ուշադրություն է գրավել՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործողություններում RAF Fairford-ի դերի պատճառով։ Բազան պարբերաբար օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից և Իրանի հետ ներկայիս հակամարտության ընթացքում ընդունել է ամերիկյան ռմբակոծիչներ։ Բրիտանական իշխանությունները նախկինում թույլ էին տվել օգտագործել երկրում տեղակայված բազաները ԱՄՆ-ի որոշ գործողությունների համար տարածաշրջանում։

Վերջին օրերին Fairford-ի շուրջ անվտանգության միջոցները զգալիորեն ուժեղացվել են։ Sky News-ի տվյալներով, բազա տանող ճանապարհներին հայտնվել են անցակետեր, մուտքը վերահսկում են զինված ոստիկաններ, իսկ օբյեկտի մոտ հերթապահում են արտակարգ ծառայությունների մեքենաներ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները «մնում են զգոն» և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի և նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար։

Հետաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: