հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Իշխանությունը «կոլցո» օպերացիայով փորձել է ջարդել ժողովրդին, ինչի համար պատասխան է տալու. Սաղաթելյան

Իշխանությունը «կոլցո» օպերացիայով փորձել է ջարդել ժողովրդին, ինչի համար պատասխան է տալու. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի հրահանգով ոստիկանները կազմակերպել էին ՛՛կոլցո՛՛ օպերացիա՝ ժողովրդին ջարդելու համար։ Այս մասին հունիսի 3-ին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր պահանջն էր միայն՝ բացել Դեմիրճյան փողոցը։ Իրենք ՛՛կոլցո՛՛ օպերացիայով փորձել են ջարդել ժողովրդին, ինչի համար պատասխան են տալու։ Ազգային ժողովից մի քանի անձնավորություններ շարժման սկզբից փորձում են հիմքեր գտնել ինձ կալանավորման տանելու համար։ Ես պատասխանատվություն եմ կրում այս շարժման համար եւ հայտարարում եմ՝ ես պատասխանատվություն կրում եմ այն քաղաքացու համար, ում ոտքերը ջարդել է ոստիկանը եւ այն ոստիկանի համար, որը վնասվել է։ Ես պատասխանատվությունից թռնող չեմ՛՛։

Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը դիմել է նման քայլի, քանի որ տեսել է՝ 35 օրվա ընթացքում շարժման թափը չի նվազել. ՛՛Ինքն ասում էր՝ ես ուժ չեմ կիրառում, հրապարակը չեմ ցրում, բայց տակից բոլորին ջարդում էր՝ խուզարկություններ, ձերբակալություններ, բերման ենթարկել։ Տեսավ՝ դա էլ օգուտ չի տալիս, անցավ իր ձեռագրին, դե. ինքը միշտ արյան ծարավ է։ Քիչ արյուն է թափել, էլի է ուզում՝ հանուն իր աթոռի։

Կարծես հատուկջոկատայիններ մտած լինեին ժողովրդի մեջ՝ վրեժ լուծելու։ Այլ բացատրություն չկա։ Սա հաստատում է մեր վարկածը՝ ոստիկանական համազգեստով կան հանցագործներ, որոնք ղեկավարվում են այլ վայրից՛՛։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները, ըստ Սաղաթելյանի, դիմեցին սադրանքների, նրանց եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, կան բերման ենթարկվածներ ու տուժածներ:

  • Կիսվել: