ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Իշխանության խոստացած խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանը. Վարդևանյան

Իշխանության խոստացած խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանը. Վարդևանյան

Այսօր Հայաստանն ապրում է վերջին 100 տարվա իր ամենածանր օրերը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ մենք կանգնած ենք վերանալու շեմին։ ՛՛Այդ շեմը որպես ազգ, որպես պետություն վերանալու շեմն է՛՛,-հավելեց նա:

՛՛Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն։ Բայց ո՞ւմ է խոստանում այդ խաղաղությունը, մե՞զ՝ հայ ազգի՞ն։ Ո՛չ։ Այս իշխանությունը խոստանում է խաղաղություն Ադրբեջանին և Թուրքիային։ Նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ դրանք ստիպված, ուզելով-չուզելով պետք է հաշվի նստեն։ Այս խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանը, երբ Հայաստանը կդառնա այդ երկու երկրների համար ոտքի տակի երկիր։ Այ այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։ Դա հաստատ՛՛,-նշեց Վարդևանյանը։

Նա պարզաբանեց, որ այդպիսի խաղաղությունը  Ադրբեջանի համար նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված Հանրապետության վերացում և Սյունիքի ուզուրպացիա, իսկ Թուրքիայի համար՝ Ցեղասպանությունը ՛՛մարսում՛՛։

՛՛Սիրելի՛ հայրենակիցներ, ոչ ոք պատերազմ չի ուզում։ Բայց չի կարելի հանձնվել դահճին։ Այո, ո՛չ պատերազմին։ Թող այլևս երբեք պատերազմ չլինի։ Բայց դրա այլընտրանքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզելը չէ՛՛,-հավելեց պատգամավորը:

  • Կիսվել: