ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իշխանական պատգամավորներն առաջարկում են նիստերից բացակայող հիվանդ պատգամավորին քվեարկելու իրավունք տալ

Իշխանական պատգամավորներն առաջարկում են նիստերից բացակայող հիվանդ պատգամավորին քվեարկելու իրավունք տալ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում են կատարել և առաջարկում են ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորին գրավոր քվեարկելու հնարավորություն տալ:

«Առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը: Ներկայումս գործող կարգավորումներով ԱԺ պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից գործուղման մեջ են գտնվում»,- նախագիծը ներկայացնելիս հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նա նշեց, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունն առաջացել է հատկապես համավարակի օրերին, երբ ԱԺ որոշ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով:

«Պատգամավորը կարող է ներկայացնել փաստաթուղթ, որը ցույց կտա՝ հիվանդ է և չի կարողացել ներկայանալ նիստին», -ասաց Հովակիմյանը։

ԱԺ նիստը վարող նախագահ Արարատ Միրզոյանը հարցի համար գրանցվեց և ինքն էլ իր հերթին հստակեցրեց, որ այս լրացումների նպատակը կորոնավիրուսի պայմաններում ԱԺ աշխատանքները չպարալիզացնելն է։

«Կարծում եմ՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունները պետք է առավելագույնս հստակ լինեն ու  այլ մեկնաբանությունների տեղիք չտա։ Չգիտեմ՝ բառացի պետք է գրված լինի, որ այս համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ հստակ ցուցումով մեկուսացված վարակակիր պատգամավորի մասին է խոսքը։ Սա պետք է 100 տոկոսով գրված լինի։ Արդյոք դա այդպես է», -հավելեց Միրզոյանը։

Ի պատասխան Հովակիմյանն ասաց, որ սկզբում երբ նախագիծը քննարկվում էր հենց այդ նպատակն ուներ, սակայն քննարկումների ընթացքում որոշվել է ընդլայնել․ «Քննարկման արդյունքում եկանք եզրահանգման, որ անարդար է ոչ կորոնավիրուսով, սակայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող պատգամավորների նկատմամբ։ Դրա համար մենք ուղղակի փորձեցինք ընդհանուր լուծում տալ հարցին»։

Արձագանքելով պատգամավորին Արարատ Միրզոյանն ասաց, որ իր կարծիքով պետք չէ ընդհանրական մոտեցում ցոցւաբերել, քանի որ դա հղի կարող է լինել անկանխատեսելի հետևանքներով։

«Պետք է կենտրոնանալ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա։ Սա իմ նախնական տեսակետն է», -ասաց Միրզոյանը։

 

  • Կիսվել: