Իրենք այլևս չեն դիմանում, այսօր մենք փաստեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք. Սաղաթելյան
Կապիտուլյանին թվում էր, որ ուժ կիրառի, հատուկ միջոցներ գործադրի և բռնության ենթարկի քաղաքացիներին, մարդկանց թիվը նվազելու է, բայց հայ ազգը ծնկի չի գալու: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստին, որն այսօր ՔՊ-ն բոյկոտեց, ինչի հետևանքով այն ճկայացավ՝ Սաղաթելյանն ասաց, որ դրա նպատակը նաև այն է, որ ժողովրդին ցույց տան, որ այս իշխանությունները դավաճան են, չեն միանալու մի հայտարարության, որում ասվում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
՛՛Այսօր ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, պետականություն, հայրենիք, ուզում են հայ մնալ, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գալ՛՛,-նշեց ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին։ ՛՛Մենք ընդունում ենք մեր մարտահրավերը, մենք պատրաստ ենք մեզ պատշպանելու՛՛,-ասաց նա և հավելեց, որ այսօր ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար բոլորը պատասխան են տալու։
Ըստ Սաղաթելյանի՝ ոստիկանությունն իրավիճակին չի տիրապետում և ղեկավարվում է ոչ թե ոստիկանապետի, այլ ինչ-որ օլիգարխների կողմից: Նա նշեց, որ ոստիկանությունն այսօր վարչապետի հրահանգով դիմել է սադրանքի։
՛՛Այսօրվա փաստը ցույց տվեց, որ իրենք այլևս չեն դիմանում։ Այսօր մենք փաստեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք՛՛,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Նա ելույթի ավարտին ՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցներն վաղը ժամը 19.00-ին հրավիրեց ներկա գտնվելու Ֆրանսիայի հրապարակում անցկացվելիք հանրահավաքին:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։
«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները, ըստ Սաղաթելյանի, դիմեցին սադրանքների, նրանց եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, կան բերման ենթարկվածներ ու տուժածներ:



