չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանը Սյունիքում տեղի ունեցող գործընթացներում կներգրավվի այնքան, որքան կպահանջի Հայաստանը․ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր

Իրանը Սյունիքում տեղի ունեցող գործընթացներում կներգրավվի այնքան, որքան կպահանջի Հայաստանը․ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ չնայած ինքն անձամբ քննարկումներ չի ունեցել խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրիի հետ Սյունիքում տեղի ունեցողի, Իրանի հետ ՀՀ սահմանին հնարավոր զարգացումների վերաբերյալ, սակայն կարդացել է նրա անհանգստությունը տեղի ունեցողի վերաբերյալ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող զարգացումների վերաբեյալ Իրանի դիրքորոշմանը։ Նա նաև նշեց, որ լրատվամիջոցներից էլ տեղեկացել է իրանցի և ադրբեջանցի սահմանապահների փոխհրաձգության մասին, որի արդյունքում երկու ադրբեջանցի են զոհվել, ինչն էլ արդեն վկայում է, որ Իրանում որոշակի զգուշացում կա զարգացումների հետ կապված։

«Վստահ եմ, որ իրանական կողմը հետևում է զարգացումներին, բայց թե կուլիսների հետևում կա՞ն բանակցություններ, արդյո՞ք ճնշումներ գործադրվում են Ադրբեջանի, Թուրքիայի վրա, կամ թե ռուսական կողմին մղո՞ւմ են, որ ավելի ակտիվություն ունենա, դժվար է ասելը։ Կարծում եմ, ամեն դեպքում, բանակցություններ կան, բայց թե ինչ ակտիվությամբ և շեշտադրմամբ են դրանք, նորից դժվար է ասելը»,- ասաց նա։

Իրանի համար, ըստ նրա, կարևոր է Հայաստանի հետ սահմանների անվտանգությունն ու անխախտությունը, հետևաբար նաև կարևոր է Սյունիքի անվտանգությունը։ «Դրանից էլ հետևում է, որ հարցի վերաբերյալ Իրանը պետք է իր դիրքորոշումը հստակեցնի, քանի որ Սյունիքի անվտանգությունը բխում է իր շահերից»,- ասաց նա։

Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ եթե ինչ-որ մի ձևով Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություններ լինեն Սյունիքում միջանցքի, ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, Իրանի միջամտությունն իմաստ չի ունենա, արդեն նա պետք է համակերպվի իրավիճակի հետ։

«Բայց ներկա իրավիճակում, երբ տեսնում ենք, որ ոտնձգություններ են տեղի ունենում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, արդեն տրամաբանական է դառնում, որ Իրանը պետք է արձագանքի, քանի որ իր համար սահմանի անվտանգությունը «կարմիր գիծ» է, բայց դրա «երանգավորումն» ինչպես կդրսևորվի, արդեն կորոշեն տարածաշրջանի բարդ զարգացումերը և դիվանագիտական հնարավորությունները, իսկ այդ բոլորը վերաբերում են տնտեսական և ռազմական կարողություններին»,- ասաց նա։

Իրանը, ըստ Ռոբերտ Բեգլարյանի, Սյունիքում տեղի ունեցող գործընթացներում կներգրավվի այնքան, որքան Հայաստանը կպահանջի և կուզի․ դա հայտարարվել է մի քանի առիթներով։ «Հետևաբար, եթե հայկական կողմից ինչ-որ արձագաք, պահանջ կամ խնդրո առարկա ներկայանա, ինձ թվում է, Իրանն անտարբեր չի մնա, բայց թե հայաստանյան պետական այրերը, իրավիճակը գնահատելով, ինչ կանեն, արդեն հարց է»,- ասաց նա։

Նա նշեց, որ վերջին օրերին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումներից տեղյակ չէ, բայց ենթադրում է, որ վերջինս իրանական կողմին մանրամասն տեղյակ է պահել, թե ինչ է տեղի ունենում այս պահին Սյունիքում։

«Տեղյակ չեմ, արդյոք համագործակցության ինչ-որ նոր առաջարկ եղել է, թե՝ ոչ,- ասաց նա՝ հավելելով,- ամեն դեպքում, շատ բան կախված է նաև նրանից, թե Իրանը ինչ գնահատական կունենա տարածաշրջանային զարգացումների, ուժերի դերաբաշխումների վերաբերյալ։ Ռազմավարական, աշխարհաքաղաքական հարցերը խնդրո առարկա պետք է լինեն, Իրանը դրանց գնհատական տա և հետո նոր հստակորեն որոշի, թե ինչպես միջամտի։ Իհարկե, կարծում եմ, որ տարածաշրջանային վերջին զարգացումներն ու վայրիվերումները պահանջում էին, որ և՛ Իրանը, և՛ Հայաստանը բոլոր սցենարնեը կանխատեսած լինեին»։

  • Կիսվել: