շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Իրանը հայտարարել է, որ վճռական պատասխան կտա իր դեմ ցանկացած հնարավոր հարձակման

Իրանը հայտարարել է, որ վճռական պատասխան կտա իր դեմ ցանկացած հնարավոր հարձակման

Իրանը վճռական պատասխան կտա երկրի դեմ ցանկացած հարձակման։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։

Լրագրողների հետ զրույցում Ամիր Սայիդ Իրավանին նշել է, որ Իրանի  հիմնարար քաղաքականությունն է «խիստ արձագանք տալ թշնամիներին, եթե նրանք թիրախավորեն երկիրը, դրա շահերը կամ քաղաքացիներին»։ Նա նաև հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին երկու օրերին հաղորդագրությունների փոխանակում է տեղի ունեցել միջնորդների միջոցով։

«Նման հաղորդագրություններ չեն փոխանակվել», - Իրավանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հունվարի 28-ին տեղի ունեցած հարձակումից հետո Վաշինգտոնը Թեհրանին հայտնել էր, որ լայնածավալ պատերազմ չի ցանկանում, սակայն նման սցենարի դեպքում ԱՄՆ-ն քայլեր կանի։ Իրանն էլ, ըստ հրապարակումների, իբրև, պատասխանել էր, թե իր տարածի վրա ցանկացած հարձակում կարմիր գիծ է և կարժանանա համապատասխան արձագանքի։

Այս լուրերը չեն հաստատել ո՛չ Թեհրանում, ո՛չ Վաշինգտոնում։

Հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել, առնվազն 40-ը՝ վիրավորվել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման պատասխանատու է անվանել Իրանին՝ «հարվածները հասցնող խմբավորումներին զենք մատակարարելու համար»։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանն առնչություն չունի այդ հարձակմանը։

  • Կիսվել: