կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Իրանը հարգում է երկրների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավունքները. Զարիֆ

Իրանը հարգում է երկրների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավունքները. Զարիֆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ-ում է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այսօր նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանային վերջին միջադեպերին, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին և սադրանքներին, որոնց հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Զարիֆը, մասնավորապես, ասաց. ՛՛Իրանի իսլամական հանրապետությունը միշտ տարածաշրջանային խնդիրների խաղաղ լուծման կողմնակից է՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավունքները։

Ցանկացած սրացման դեպքում, եթե լարվածության հետևանքով կողմերից մարդիկ են զոհվում, դա մեզ մտահոգում է։ Ցանկալի է, որ ինչքան հնարավոր է արագ և խաղաղ լուծվի այս հարցը։ Երեկ զրուցել եմ նաև Ադրբեջանի նախագահի հետ, զգացի նրա մտայնությունը՝ լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ուղղությամբ երկխոսություն վարելու մասին՛՛։

Նա նշեց, որ Իրանը ցանկանում է աջակցել, որպեսզի հարցը ստանա խաղաղ ուծում:

Նշենք, որ ճեպազրույցին մասնակցում էր նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Նա լրագրողների հետ զրույցում բարձր գնահատեց Զարիֆի տարածաշրջանային այցը՝ նշելով, որ դա վկայում է Իրանի անշահախնդիր մտադրության մասին՝ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման հարցում։

՛՛Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան, կարևոր գործըներ է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է, երկկողմ ջանքեր ենք գործադրելու՝ խորացնելու մեր միջպետական համագործակցությունը տարբեր ոլորտներում՛՛,-ասաց Այվազյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ այցից առաջ Զարիֆն այցելել էր Ադրբեջան:

  • Կիսվել: