կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանը և Հայաստանը ունեն ընդհանուր շահեր և մտահոգություններ. Զոհուրի

Իրանը և Հայաստանը ունեն ընդհանուր շահեր և մտահոգություններ. Զոհուրի

Հայաստանի վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում գործող «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարթակում իրականացվում է «Հարցեր դեսպանին» նախաձեռնությունը, որի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առանցքային խնդիրների, երկկողմ, բազմակողմ տարաբնույթ հարաբերությունների շուրջ հարցազրույցներ են կազմակերպվում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, արտերկրում ՀՀ դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և այլն։

Նախաձեռնության շրջանակներում «Օրբելի» վերլուծական կենտրոնի զրուցակիցն է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, որն ավարտում է առաքելությունը Հայաստանում։

 

- Ձերդ Գերազանցություն, 2022 թվականը բավականաչափ կարևոր և արդյունավետ տարի էր գրեթե բոլոր ոլորտներում Հայաստան-Իրան համագործակցության զարգացման տեսանկյունից։ Քաղաքական հարթությունում տեղի են ունեցել բավականաչափ կարևոր հանդիպումներ, փոխայցելություններ, բանակցություններ՝ ընդհուպ հնարավոր ամենաբարձր մակարդակով։ Կապանում բացվեց ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը, տնտեսական հարաբերություններում երկկողմ առևտրաշրջանառությունն արձանագրում է աննախադեպ առաջընթաց՝ հատելով 700 մլն. դոլարի սահմանագիծը։ Ինչպե՞ս Դուք կգնահատեք անցած տարում երկկողմ համագործակցությունը, և ի՞նչ ակնկալիքներ և նշաձողեր կան առաջիկա տարիների համար։

 

- Մենք ականատես եղանք տարբեր ոլորտներում հարաբերությունների աճին ու զարգացմանը։ Ամենակարևորում, այն է՝ քաղաքական և ռազմավարական հարցերում մենք ականատես եղանք բարձր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականության և փոխադարձ վստահության ու հարգանքի ամրապնդման։ Անցյալ տարվա կարևոր իրադարձություններից էր նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը։ Երկկողմ համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների, նույնպես դրական զարգացումներ արձանագրեց։ Անցյալ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նույնպես ավելի քան քառասուն տոկոսով աճեց և հատեց յոթ հարյուր միլիոն դոլարի սահմանագիծը։ Առևտրաշրջանառության աճը շարունակվել է նաև այս տարվա առաջին ամիսներին։ Ականատես եղանք հետաքրքիր միտումների նաև մարդկային շփումների և միմյանց նկատմամբ առկա հասարակական կարծիքի առումով։

- Պարոն դեսպան, ամբողջ աշխարհը, այդ թվում նաև մեր տարածաշրջանը բախվում են քաղաքական և անվտանգային լրջագույն սպառնալիքների։ Որպես այս տարածաշրջանի տեղաբնիկներ, մի քանի հազարամյա հարևան և բարեկամ հայ և իրանցի ժողովուրդները, նրանց ստեղծած պետությունները փորձում են դիմակայել նոր մարտահրավերների՝ հաճախ դրսևորելով բավականաչափ մոտ դիրքորոշումներ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչպես կարելի է առավել արդյունավետ դարձնել նաև ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ երկկողմ համագործակցությունը։

- Վերջին տարիներին դեսպանության ուշադրության կենտրոնում գտնվող կարևոր կետերից էր երկու երկրների իշխանությունների և ժողովուրդների միջև վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի պահպանումն ու ամրապնդումը։ Կարծում եմ, որ մենք ներկա դրությամբ առավել քան երբևէ գիտակցում ենք երկկողմ համագործակցության կարևորությունը և երկու երկրներում էլ կա լուրջ կամք՝ ընդլայնելու համագործակցությունը։ Անհրաժեշտ է ձգտել պահպանելու այս վիճակը։ Մյուս կարևոր կետը ուշադրության արժանացնելն է այն հանգամանքին, որ միջազգային և տարածաշրջանային մակարդակներում տեղի են ունենում խորը և լուրջ զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել անսպասելի հնարավորությունների ստեղծման և մարտահրավերների։ Ելնելով դրանից՝ շատ կարևոր եմ համարում երկու երկրների իշխանությունների և փորձագիտական շրջանակների շփումների ու համակարծության շարունակականությունը։ Հատկապես, փորձագիտական և մասնագիտական հաղորդակցությունները կարող են օգնել փոխըմբռնման ընդլայնմանը, մարտահրավերների ճիշտ կանխատեսմանը և ճիշտ պլանավորմանը՝ հնարավորություններն օգտագործելու համար:

- Պարոն Զոհուրի, արդեն 4 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Արցախի 120000 հայ բնակչությունը շրջափակման մեջ է հայտնվել: Ադրբեջանը նաև անցակետ է տեղադրել միջանցքում: Բաքվի այս գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումներն են ու ոտնահարում են արցախահայության՝ իրենց բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը: Ո՞րն է Թեհրանի դիրքորոշումն այս հարցում, և Իրանն ինչպե՞ս կարող է աջակցել ճգնաժամի հանգուցալուծմանը:

- Նոյեմբերի 9-ի հայտարարության և դրան հաջորդած պայմանավորվածությունների բոլոր կողմերին մեր խորհուրդը մշտապես եղել է այն, որ հավատարիմ մնան այս պայմանավորվածությունների և պարտավորությունների տեքստին և ոգուն: Միջազգային իրավունքի ներքո նույնպես երկրները ունեն հստակ պարտավորություններ, որոնցից մեկը տարածաշրջանի բնակիչների իրավունքների ու անվտանգության պահպանումն է։ Մենք նշում ենք, որ նշված տարածքի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը բարդ և նուրբ խնդիր է։

- Հայկական և իրանական դաշտերում հաճախ է խոսվում երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին: Ըստ Ձեզ՝ այս ոլորտում երկկողմ համագործակցության ինչ հեռանկարներ կան:

- Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունն ազգային անվտանգության ոլորտում ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր մտահոգություններ։ Տեղյակ եք, որ ի թիվս երկու երկրների ղեկավարների պարբերական շփումներին, անցյալ տարվա ընթացքում կանոնավոր հանդիպումներ և շփումներ են եղել երկու երկրների ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների միջև։ Երկու երկրներում ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները նույնպես սերտորեն համագործակցում են միմյանց հետ։ Սա այն ուղին է, որը պետք է շարունակվի տարբեր մակարդակներում։ Մյուս ուղին, որին պետք է հետամուտ լինել և ուշադրություն դարձնել ազգային անվտանգության ոլորտում, դա արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական լուրջ խորհրդակցությունների և երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունների կանոնավոր ընթացքն է։ Այս առումով, այս տարվա մարտ ամսին ականատես եղանք Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ պարոն Բաղերիի Հայաստան կատարած այցին։

- Պարոն Զոհուրի, ինչպես գիտենք, Հայաստանում կառուցվում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի առանցքային երթուղիներից մեկը: 2022թ. հոկտեմբերի 20-ին ԻԻՀ արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Հյուսիս-Հարավ միջանցքի հարցում արդյունավետ համագործակցության համար պետք է Հայաստան-Իրան-Հնդկաստան հարթակ ստեղծել։ Ի դեպ, հարկ է նշել, որ օրերս ՀՀ ԱԳՆ ում եռակողմ քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Միևնույն ժամանակ փորձագիտական որոշ շրջանակներ թերահավատորեն են մոտենում Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի ծրագրի իրականացման հարցին։ Որքանո՞վ է կարևոր այս միջանցքն Իրանի համար, ի՞նչ առարկայական խոչընդոտներ կան դրա իրականացման ճանապարհին, և ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ կան Հայաստանից՝ տարածաշրջանային այս կարևոր ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու համար։

- Իրանի և Հայաստանի միջև առևտրի մեծ մասն իրականացվում է Նորդուզից դեպի Երևան ձգվող ցամաքային ճանապարհով, որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով։ Հայաստանում «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագծի շրջանակներում ՀՀ կառավարությունը լուրջ ծրագրեր ունի՝ բարելավելու այս երթուղու ենթակառուցվածքները և այն վերածելու միջազգային տարանցիկ ճանապարհի։ Մենք նույնպես շատ կարևոր ենք համարում այս նախագծի լիարժեք իրագործումը Հայաստանի Հանրապետության տարածքում, և իրանական ընկերությունները պատրաստ են ակտիվորեն մասնակցելու այս նախագծի իրականացմանը։ Այս ծրագրի իրագործումը կնպաստի Իրանի և Հայաստանի տարածքով Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի գործարկմանը, որը գրավել է նաև այլ երկրների ուշադրությունը։ «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագիծը մեծ ծրագիր է՝ թե՛ տնտեսական, թե՛ գործառնական առումով։ Այս ծավալի նախագծի իրականացումը Հայաստանի պատմության ամենամեծ տնտեսական նախագծերից է։ Աշխատանքները պետք է կատարվեն շատ ուշադիր կերպով՝ ֆինանսավորման, մրցույթների անցկացման, նախագծի իրագործման և սահմանված ժամկետների նկատմամբ վերահսկողության տեսանկյունից։ Կարծում եմ, որ այժմ ծրագրի իրականացման հեռանկարը զգալիորեն բարելավվել է։

- Եվ վերջում, քանի որ նաև ավարտին է մոտենում Ձեր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, դրա ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման համար ինչպիսի՞ էական խոչընդոտների եք բախվել, որոնց լուծմանը կարող էին նպաստել ՀՀ պետական կառույցները և ինչպիսիք շարունակում են մնալ մ,ինչև օրս: Եվ ՀՀ-ում պաշտոնավարման ընթացքում որո՞նք են ամենատպավորիչ ձեռքբերումները։

- Պարոն Փաշինյանի հետ ունեցած հրաժեշտի հանդիպման ժամանակ ես բարձր եմ գնահատել նրա, Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական համակարգի դրսևորած համագործակցությունը՝ տարբեր մակարդակներում հարաբերությունները զարգացնելու գործում։ Հարկ եմ համարում ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ առաքելության ընթացքում հայկական կողմի ցուցաբերած ողջ համագործակցության համար։ Առանց երկու կողմերի կամքի ու համագործակցության հնարավոր չէր լինի առաջ տանել աշխատանքները։ Իհարկե, սա չի նշանակում, որ իրավիճակն ավելի լավ չէր կարող լինել կամ խոչընդոտներ ու խնդիրներ առկա չեն։ Իմ պատկերացումն այն է, որ միմյանց կարողությունների և ներուժի մասին տեղեկացվածության աճը, բյուրոկրատական խոչընդոտների նվազեցումը և համագործակցության արագացումն ու դյուրացումը և հատկապես հիմնական խնդիրների վրա կենտրոնանալն ունի առաջնային նշանակություն և կարող է նպաստել հարաբերությունների հետագա զարգացմանը։ Բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը երկու երկրների իշխանությունների և ժողովուրդների համատեղ ձեռքբերումն է վերջին տարիներին։

  • Կիսվել: