հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինչու սահմանը հատող քաղաքացիներին չեն թեստավորում․ նախարարը պարզաբանեց

Ինչու սահմանը հատող քաղաքացիներին չեն թեստավորում․ նախարարը պարզաբանեց

Արդյո՞ք ժամանակը չէ Հայաստանի հենց սահմանին կորոնավիրուսի թեստ անելու, որպեսզի դրսից վարակ չբերենք մեր երկիր: Ազգային ժողովում, դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Թորոսյանը նշեց, որ թեստավորումն արվում է ըստ ցուցումների:

«Չենք թեստավորում, քանի որ դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից: Ինչ վերաբերում է 60 հազար թեստին, դրանք գնվել են ՀՀ բյուջետային փողերով, նվեր չեն: Դրանք ՓիՍիԱռ ՊՇՌ թեստեր են, որոնցից ամեն մեկն անելը տևում է 5 ժամ: Դա արվում է բարձր պատրաստվածության լաբորատորիաներում, որոնցից Հայաստանում քիչ կան: Մեր ենթակայության տակ կա 6 հատ, ևս 2 հատ մասնավոր լաբորատորիա կա: Մի քանի հատ էլ կան այլ ոլորտներում, որոնք չենք կարող օգտագործել:

Սահմանին թեստ անելը չի նշանակում, որ այդ նույն մարդու մոտ մի քանի օր հետ չի լինի հիվանդության դեբյուտ: Հետևաբար բոլոր եկողները գնում են ինքնամեկուսացման: Դա էլ խնդիր է վարորդների համար: Այդ մասը կարգավորվել է՝ ինքնամեկուսացման ժամկետը սահմանվել է մինչև բեռի դուրս տանելը:

Հիմա մտածում ենք արագ թեստերով եկողներին թեստավորելու մասին: Եթե հանկարծ արագ թեստով որևէ արտասահմանցի վարորդի մոտ հաստատվի, նրան կասենք, որ պետք է լքի ՀՀ տարածքը, իսկ եթե ՀՀ քաղաքացու մոտ է հայտնաբերվում, նրան մյուս թեստով կանենք: Արագ թեստերը երբեք ճիշտ չեն եղել: Իսկ բացասականները գնալու են ինքնամեկուսացման ռեժիմի»:

 

  • Կիսվել: