երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչպես է  Վարդան Օսկանյանը Մեղրու հանձնման պլանը ներկայացրել․ Արամ Սարգսյանն ուշագրավ բացահայտումներ է արել

Ինչպես է Վարդան Օսկանյանը Մեղրու հանձնման պլանը ներկայացրել․ Արամ Սարգսյանն ուշագրավ բացահայտումներ է արել

«2000 թվականին, երբ Վարդան Օսկանյանը արտգործնախարար էր, ես վարչապետ էի, և նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, Անվտանգության խորհրդի նիստ էր տեղի ունենում, և բանակցություններից վերադարձած Վարդան Օսկանյանը ամերիկյան քարտեզի նման կուբիկներով նկարում էր՝ այ սա Հայաստանն է, սա Ղարաբաղն է, այ այս ճանապարհը Լաչինի միջանցքն է, Հայաստանից Մեղրին կտրում ենք, տալիս, Ղարաբաղը ստանում ենք անկախ»:

Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Օսկանյանը ասում էր՝ կա ևս երկու ճանապարհ. եզրային մասում սուր կտրում էր, ասում՝ Ագարակ ավանը դառնում է զրոյական կետ, այդ զրոյական կետը բոլորինն է՝ թե՛ Իրանինը, թե՛ Ադրբեջանինը, թե՛ Հայաստանինը և թե՛ Ռուսաստանինը, բայց նաև ոչ մեկինն է: Եվ մյուս տարբերակը այդ նույն զրոյական կետը Նախիջևան ու Ադրբեջան ամենակարճ տարածության տեղում է՝ Լիճ գյուղից մի քիչ ներքև ընկնող հատվածում: Բնականաբար, այս զրոյական տարբերակը անհեթեթ էր, և դրա դեպքում ԼՂ-ն անկախ չէր, միայն Մեղրիի շրջանը Լաչինի շրջանով փոխելու պարագայում էր, որ առաջարկվում էր ԼՂ-ն անկախ»,- մանրամասնել է Սարգսյանը՝ շարունակելով.

«Այս ամեն ինչը բացատրելուց հետո ես՝ որպես նոր մարդ, որը նոր էր եկել ցեմենտի գործարանից, հարց եմ տալիս՝ պարոն Օսկանյան, Ձեր կարծիքով՝ այդ երեք տարբերակներից ո՞րն է ավելի հայանպաստ: Պարոն Օսկանյանը շատ հանգիստ ասաց, որ ինքը կարծիք չունի ու չի կարող տեսակետ ասել, ասում էր՝ տեսակետ պետք է ասեք մենք, ինքը դա տանի բանակցի: Պրակտիկորեն պրոֆեսիոնալ մարդու դիրքորոշում, որը ինչ-որ ֆունկցիա է կատարում վճարի դիմաց: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ այսօր Վարդան Օսկանյանը այն, ինչ առաջարկում է, իր տեսակե՞տն է, արդեն տեսակետ ունի՞, թե՞ էլի ուրիշի տեսակետն է ուզում ներկայացնել: Իմ կարծիքով՝ դա իր տեսակետը չէ»:

Ըստ քաղաքական գործչի՝ Վարդան Օսկանյանը շատ լավ գիտի, որ երեք ամսում նվազագույնը երկու հանդիպումից ավելի հնարավոր չէ կազմակերպել, եթե նույնիսկ արևմուտքին ու Ռուսաստանին խնդրենք:

«100-ից ավելի հանդիպում է ունեցել, թող լուծեր ժամանակին, կամ իր ասած տարբերակը՝ ԽՍՀՄ-ի ժամանակ ԼՂ-ն ինքնավար մարզի կարգավիճակ ուներ, այդ ինքնավար մարզի բնակիչների անձնագրերում գրված էր Ադրբեջան, և դրա համար էլ ԼՂ-ն ըմբոստացավ, հիմի ինքն առաջարկում է սկսել այդ տեղից»,- ասել է նա:

Արամ Սարգսյանը նկատել է՝ եկե՛ք նայենք՝ ի՞ր ասած տարբերակն է լավը, թե՞ իշխանությունների. «Թե ինչ կգրվի անձնագրում, իշխանություններն ասում են՝ թող գնան, բանակցեն, որոշեն: Օսկանյանն ասում է՝ թող անձնագրում գրվի ԼՂ ինքնավար մարզ, իսկ այդ ինքնավար մարզը ո՞ւմ կազմում էր՝ Ադրբեջանի, հետևաբար՝ Ադրբեջան: Այսինքն՝ ինքը ԼՂ-ն տեսնում է Ադրբեջանի կազմում՝ Պաղեստինի օրինակով, մեկն էլ կար Թաթարստանի օրինակով էր տեսնում»:

Արամ Սարգսյանը նաև նշել է՝ մարդ, որ 100 անգամ բանակցել է, ժողովրդին խաբում ասում է՝ երեք ամսում կլուծեմ խնդիրը:

«Ու ինքը այսօր խորհուրդներ է տալիս, փորձում սովորեցնել, թե դիվանագիտության մեջ որ բառը ինչ նշանակություն ունի: Այն ժամանակ, երբ ինքը «վագրի թռիչք» էր ներկայացնում ՀՀ տնտեսությունը, երկիրը թալանվում էր: Երբ Հայաստանը կարողանում էր 7 շրջանները և ռազմական բալանսը պահել, որ էս վիճակին չհայտնվեր, այդ ժամանակ Վարդան Օսկանյանը պետք է մտածեր ու առաջարկներ աներ:

Սարգսյանի նկատառմամբ՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո թողել են երկիրը ամեն ինչից դուրս գա, և այժմ խորհուրդներ են տալիս. «Բա էդ խնդիրը լուծեիք, 26 տարի իշխանության են եղել. մեկը մեկին գովելով ու փնովելով ասում է՝ վատ ժառանգություն եմ ստացել, բայց լավագույն լուծում եմ բերել: Բա բերել էիք, լուծեիք, ո՞վ էր ձեզ խանգարում, ով էր ձեր ձեռքը բռնում՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ չկար, դուք եկաք, ասացիք՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»»:

  • Կիսվել: