երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինչպե՞ս կարող ուղիղ բանակցություններ լինել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, եթե  կոչ անողը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Մամիջանյան

Ինչպե՞ս կարող ուղիղ բանակցություններ լինել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, եթե  կոչ անողը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Մամիջանյան

Արդեն ավանդական է դարձել, որ Փաշինյանի ցանկացած ստերի հերթական չափաբաժնից հետո ստիպված ենք հանդես գալ դրանց հերքումներով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:

«Արցախն ասում է՝ մենք բլոկադայի մեջ ենք, երեխաներ են մահանում, որ մենք հաց չունենք, իսկ պաշտոնական Երեւանն ասում է՝ գնացեք դա Բաքվին ասեք: Այլ կերպ սա մեկնաբանել պարզապես հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող ուղիղ բանակցություններ լինել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, եթե  կոչ անողը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում»,-ասաց Մամիջանյանը:

ՀՀԿ-ական գործիչն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը վաղուց իբր ճանաչվել էր Ադրբեջանի մաս. «Անգամ Բորելն է խոսել դրա մասին, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Նախորդիվ բոլոր դեպքերում, երբ խոսվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, որպես միվոր կամ որպես տարածքային ամբողջականություն ընկալվել են այն սահմանները, որով Ադրբեջանն անկախացել է ԽՍՀՄ-ից, այսինքն առանց Արցախի: Ուստի զուգահեռներ տանել այդ  հայտարարությունների միջեւ, մեղմ ասած, դավաճանություն է»,-ընդգծեց նա:

Մամիջանյանը հիշեցրեց, որ եղել է 5 հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից եւ բոլոր այդ հայտարարություններում ինքնորոշման իրավունքը հստակ արձանագրվել է. «Ավելին, պատերազմից հետո նույնպես եղել է ՌԴ նախագահի, Բորելի, Հայաստանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպանի հայտարարություններ, որոնք ընդգծում էին ինքնքորոշման իրավունքի կարեւորությունը: Մի քանի ամիս առաջ Գերմանիայի կանցլերն է խոսել ինքնորոշման մասին: Էլ չեմ ասում անցյալ ամռանը ռուսական առաջարկների հրապարակայնացմանը, որտեղ խոսվում էր Արցախի կարգավիճակի հետագա ճշգրտման մասին: Ուստի այդ մանիպուլյացիաները պարզապես իր գուգլային որոնումների արդյունքն են: Չի բացառվում, որ նմանօրինակ էլի բաներ գտնի, օրինակ, ինչ-որ աշխատակցի հեռախոսային խոսակցություն գտնի ու ասի՝ այ գիտեք, ինքը ուրբաթ օրը ընկերոջ հետ խմելուց խոսել է սրա մասին»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: