շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչո՞ւ մեր երկրում արքաների արձաններ չկան, որովհետեւ մեր հայրենասիրության մոդելը պետական չէ. վարչապետ

Ինչո՞ւ մեր երկրում արքաների արձաններ չկան, որովհետեւ մեր հայրենասիրության մոդելը պետական չէ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայրենասիրության մեր մոդելը պետականություն չունենալու մասին է, այդ մոդելը ներմուծված է Հայաստան եւ հայ ժողովրդից ծնված մոդել չէ։ Այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ես չեմ ասում՝ հայրենասիրությունը վատ բան է, կամ մենք պետք է հրաժարվենք դրանից։ Աշոտ Երկաթի արձանից՝ Նեմիսիսի արձան․ այստեղ է ամպլիտուդը։ Ինչո՞ւ մեր երկրում արքաների արձաններ չկան, որովհետեւ մեր հայրենասիրության մոդելը պետական չէ։ Դրա առանցքում հայկական պետականությունը չէ, իսկ արքան առաջնահերթ պետության սիմվոլն է։ Հնարավոր չէ պետական մոդել առանց պետության գլխի, առանց արքայի հետ նույնականացման։ Մեր հայրենասիրությունն այն մասին է, որ մենք չենք կարող անկախ, ինքնիշխան պետություն ունենալ, որովհետեւ մենք չենք մեզ պաշտպանել, ուրիշները պետք է դա անեն, մեզ անընդհատ պետք է կոտորեն՛՛:

Նրա խոսքով՝ այս մտածողությունից է գալիս վախը, որ սահմանի ապաշրջափակման դեպքում մեր տնտեսությունը կզավթվի։ Մինչդեռ տարածաշրջանում պետություն մնալու համար պարտադիր է բնականոն հարաբերությունները միջավայրի հետ։

՛՛Խոսքը մեր ինքնության ամրապնդման, մեզ ընկալելու մասին է, եւ քանի դեռ այս հարցը չենք լուծել, զոհի կարգավիճակից դուրս չենք գալու։ Մի անգամ թշնամին է մեզ զոհելու, մի անգամ՝ բարեկամը, մի անգամ էլ՝ մենք։ Ես չեմ ասում՝ մեր իմացած պատմական որեւէ տվյալ սխալ է, խոսքն այն մասին է, թե մենք դա ինչպես ենք կարդում ու մեկնաբանում՛՛,- նշեց նա։

Դիտարկմանը, որ Հայաստանում կա, օրինակ, Տիգրան Մեծի արձանը, Փաշինյանը հակադարձեց, թե մի՞թե երեք հազար տարվա պատմության ընթացքում մենք միայն Տիգրան Մեծին ենք ունեցել։ Նրա խոսքով՝ մենք ունենք արձաններ եւ հուշարձաններ, որոնք ամեն գյուղում կան, բայց թագավորների արձանները մի ձեռքի մատների վրա կարող ենք հաշվել։

՛՛Սրա բացատրությունը ո՞րն է։ Ում անունով ասես փողոց ունենք։ Մենք անգամ քրեական հեղինականությունների արձաններ ունենք։ Մեր հայրենասիրությունը հենց պետականությանն է հանդիպում, աջ է քաշում, կանգնում, որովհետեւ ըստ դրա՝ մենք չպետք է ունենանք կոնկրետ եւ իրական հայրենիք։ Սա վիրտուալ հայրենիքի մոդելն է։ Ինչո՞ւ ենք Արարատն Արագածից շատ սիրում, որովհետեւ այն երազային է, իսկ սա կոնկրետ է եւ մեր պատասխանատվության տիրույթում՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: