չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինչո՞ւ է Հայաստանին վերաբերող թուրքական Գլխավոր շտաբի «Ալթայ» կոչվող ծրագիրը հրապարակվել հիմա․ Բացատրում է թուրքագետը

Ինչո՞ւ է Հայաստանին վերաբերող թուրքական Գլխավոր շտաբի «Ալթայ» կոչվող ծրագիրը հրապարակվել հիմա․ Բացատրում է թուրքագետը

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ ինչ-որ սխալի պատճառով բացահայտվել են Թուրքիայի ռազմական պլանները Հայաստանի և Հունաստանի վրա հարձակումների մասին։ Հայաստանի վրա հարձակման պլանը թուրքական Գլխավոր շտաբում կոչվել է «Ալթայ»։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը InfoPort.am-ի հետ զրույցում ասաց, որ դա նորություն չէ։

«Դա անցյալ տարի է հայտնվել մամուլում, շվեդական Nordic Monitor-ն էր հրապարակել, բայց չգիտես՝ ինչու այս օրերին ակտիվ տարածվեց», -ասաց Անդրանիկ Իսպիրյանը։

Ներկայացնելով արտահոսքի մանրամասները, թուրքագետն ասաց, որ շվեդական լրատվամիջոցը տարածել է թուրքական Գլխավոր շտաբի գաղտնի սենյակի արտահոսքը, որտեղ նշված է եղել, որ 2000 թվականի դեմ Թուրքիան նախաձեռնել է պատերազմական գործողությունների ծրագիր Հայաստանի դեմ, իսկ 2014-ին՝ Հունաստանի դեմ։

«Այս ծրագրի մասին արտահոսքը եղել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ գյուլենականները ռազմական հեղաշրջման անհաջող փորձ կատարեցին Թուրքիայում և նրանց դեմ հետապնդումներ սկսեցին ամբողջ աշխարհով մեկ։ Իսկ իրենք էլ փորձեցին Թուրքիային վարկաբեկելու համար նման տեղեկություններ, ոչ թե կեղծ այլ իրական փաստեր տարածել։ Գյուլենականները լավ կազմակերպված են և Թուրքիայի սահմաններից դուրս ունեն լավ շրջապատ, մեծ ծանոթություններ, որոնք էլ օգտագործում են նման տեղեկություններ տարածելու համար», -ներկայացրեց Իսպիրյանը։

Թուրքագետի առաջ քաշած վարկածով, հնարավոր է՝ այս օրերին նման տեղեկության հրապարակումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ազգությամբ թուրք թեկնածուի ընտրությունը կանխելը լինի։

«Այդ տեղեկության հրապարակումը այս օրերին նպատակ կարող է ունենալ՝ ցույց տալ, որ Թուրքիան ագրեսոր երկիր է։ Հրապարակվածը ոչ թե կեղծ է, այլ փաստ է ու ներկայացնում է իրականությունը։ Դա ցույց է տալիս, որ երկու քրիստոնյա երկրի վրա, որոնք ժամանակին տուժել են Թուրքիայի գործողություններից, այդ երկիրը նորից ցանկանում է ագրեսիա կազմակերպել։ Թերևս գյուլենականները անհանգստացած են, որ կարող է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պաշտոնում թուրք ներկայացուցիչ ընտրվի և նման տեղեկության հրապարակմամբ ցանկանում են շեշետել, որ այդ երկիրը ագրեսոր է», -հայտարարեց թուրքագետը։

  • Կիսվել: