ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Իմ քայլը» նեղ խմբակային շահը վեր է դասել մի ամբողջ համայնքի շահից․ Հայկ Մարության

«Իմ քայլը» նեղ խմբակային շահը վեր է դասել մի ամբողջ համայնքի շահից․ Հայկ Մարության

Ես անցած տարի որոշեցի դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ընդ որում՝ պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը, ում «Իմ քայլը» իշխող խմբակցությունն անվստահություն է հայտնել։

«Նոյեմբերի 9-ից հետո սպասել եմ, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա և նոր դեկտեմբերի 7-ին  ներկայացրի կուսակցությունից դուրս գալու դիմումը։ Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել և հանձնելիս ասել եմ՝ եղբայր, որպեսզի որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին ոչ մի դեպքում հրապարակային չեմ ասելու, ասել եմ՝ դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի։ Ինչպես տեսնում եք՝ ես իմ խոսքը պահել եմ, և նրանք այս մասին խոսել են, երբ իրենց հարմար է եղել, երբ ինձ անվստահություն են հայտնել»,–ասաց նա։

Հայկ Մարությանը նշեց, որ այս ամենի մասին լռել է ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, բայց այսօր ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար։

Նա նշեց, որ ՔՊ-ն ասում է, թե Հայկ Մարությանը նախընտրական խոստումները բավարար չափով չի իրագործում, սակայն նշեց, որ այս առումով իր համար երևանցիների գնահատականներն են շատ կարևոր։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա Հայկ Մարությանն ասաց․ «Վստահաբար ասում եմ, որ քիչ կգտնեք գերատեսչություններ կամ չեք գտնի, որ իրենց համակարգի ներսում եղած կոռուպցիոն դրսևորումների վրա ավելի շատ նյութեր ուղարկած լինեն իրավապահներին, քան մենք ենք ուղարկել։ Գնացեք հարցրեք, վիճակագրություն ուզեք, տեսնենք ով է ավելի լավ պայքարում կոռուպցիայի դեմ»։

Երևանի քաղաքապետը հաստատեց, որ ավագանու իր խմբակցության հետ կապը կորցրել է և բացատրեց, թե ինչու։ Նա օրինակ բերեց, որ երբ ավագանին պետք է համաձայնություն տար  ավտոբուսների գնմանը, սակայն նեղ խմբակային շահը վեր է դասել մի ամբողջ համայնքի շահից։ «Թող հեքիաթներ չպատմեն, որ կառավարությունն ուզում էր ավելի լավ ավտոբուսներ գնել, գնող էին, թող գնեին»,–ասաց նա։

  • Կիսվել: