շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իմ իրավաչափ պահանջին Մհեր Սահակյանն արձագանքեց՝ «դուք չեք կարա մեր վրա ձայն բարձրացնենք». Վլադիմիր Վարդանյանը՝ միջադեպի մասին

Իմ իրավաչափ պահանջին Մհեր Սահակյանն արձագանքեց՝ «դուք չեք կարա մեր վրա ձայն բարձրացնենք». Վլադիմիր Վարդանյանը՝ միջադեպի մասին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր մանրամասներ է հայտնել ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հետ եղած միջադեպից։

Նրա խոսքով՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված փակ քննարկումը սկզբում նորմալ հունով է ընթացել, մի պահ նիստի բնականոն ընթացքը խաթարվել է, պատգամավորները սկսել են բարձր խոսել․

«Ես փորձեցի պարոն Մինասյանին և մնացած պատգամավորներին, ասել, որ վերադառնան բովանդակային քննարկման փուլ, և սրանով ավարտենք։ Իմ իրավաչափ պահանջին Մհեր Սահակյանն արձագանքեց՝ «դուք չեք կարա մեր վրա ձայն բարձրացնենք»։ Ասացի՝ ես նիստը վարում եմ ու շարունակում եմ վարել, նա էլ պնդեց, թե չեմ կարող։ Մոտեցավ ինձ, որովհետև արդեն կանգնել էինք, և, առանց որևէ բան անելու, հարձակվեց վրաս և դիմեց փախուստի»։

Նա նշեց, որ միջադեպը մեկ րոպե է տևել։ Վարդանյանը հերքեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունը, թե ինքը քայլել է դեպի պատգամավորը, ինչի համար էլ վերջինս հարվածել է իրեն։

Նա նշել է, թե որևէ քայլ չի արել և չէր էլ կարող անել։

«Պարոն Սահակյանն ինքն է բարձրացել տեղից, մոտեցել ինձ, առանց որևէ բան ասելու հարվածել։ Բժշկական միջամտություն է տեղի ունեցել, բավականին զգալի կտրվածք է, երկու կար են դրել։ Բավականին ծանր հարված էր»,-ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք որևէ առարկայով է Սահակյանը հարվածել իրեն, Վարդանյանը նշեց. «Ես չեմ կարող պնդել, չեմ էլ կարող բացառել։ Դատաբժշկական փորձաքննություն դեռևս չի կատարվել, վաղը կմասնակցեմ, բայց հարվածը նման է այդ կարգի գործիքով ստացվող հարվածի վնասվածքի»։

Վարդանյանն արդեն հարցաքննվել է ու ցուցմունք է տվել։

Վլադիմիր Վարդանյանը նաև նշեց, թե միջադեպից հետո Սահակյանը հարվածելուց հետո արագ փախել է։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև։  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասներ հասցրել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանը դիմել է հիվանդանոց դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով, վիճակը բավարար է, դուրս է գրվել։ 

InfoPort.am-ի տեղեկություններով իշխանական Վարդանյանին ծեծած ընդդիմադիր վարորդ-պատգամավոր Սահակյանը միջադեպից հետո թաքնվել է ԱԺ կանանց զուգարանում։
 
InfoPօrt.am-ին նաև հայտնի է դարձել ծեծկռտուքի պատճառը։ Մասնավորապես, երբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սկսել է խոսել ՀՀ ՍԴ կողմից սահմանադրական ճանաչված Հռոմի ստատուտի մասին, դաշնակցական Մհեր Սահակյանը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի առարկություններին այդ հարցի շուրջ։ Վլադիմիր Վարդանյանն էլ նրան ասել է, որ լռի ու լսի, թե ինչ կարծիք ունի, որից էլ սկսել է քաշքշուկը ու հարվածները։

  • Կիսվել: