ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ի՞նչ կապ ունեին Վահագն Հարությունյանի ու Միքայել Մինասյանի գործերը ընդերքօգտագործման մի քանի նախկին պաշտոնյաների գործով դատավորի հետ

Ի՞նչ կապ ունեին Վահագն Հարությունյանի ու Միքայել Մինասյանի գործերը ընդերքօգտագործման մի քանի նախկին պաշտոնյաների գործով դատավորի հետ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ պետք է մեկնարկեր ընդերքօգտագործման մի քանի նախկին պաշտոնյաների՝ կոռուպցիոն մեխանիզմով թույլտվություններ տալու, տարբեր տնտեսվարողներից կաշառք վերցնելու գործի դատական քննությունը, գրում է 1in.am-ը:

Ամբաստանյալները վեցն են, բոլորն էլ ազատության մեջ են:

Գևորգ Հովսեփյանը, ըստ մեղադրանքի, 2007 թվականի օգոստոսից զբաղեցնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ, մասնավորապես՝ հանքավայրերի ու դրանց պաշարների և ընդերքի վերաբերյալ այլ տեղեկատվական նյութերի հավաքման, պահման ու տրամադրման, ՀՀ ընդերքում օգտակար հանածոների պաշարների տեղեկատվական տվյալների տրամադրման լիազորություններով, 2017-2018 թվականների ընթացքում ընդունել է կաշառքի դիմաց ընդերքի շահագործմամբ զբաղվող մի շարք իրավաբանական անձանց ընդերքօգտագործման և ուսումնասիրության իրավունքի թույլտվություն տրամադրելու համար համապատասխան նախագծեր և անհրաժեշտ այլ փաստաթղթեր կազմելու, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացը կազմակերպելու, դրական արդյունք ապահովելու՝ իրավաբանական անձանց ներկայացուցիչների առաջարկը:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, այդ կապակցությամբ նախնական համաձայնության գալով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված անձանց՝ ընդերքօգտագործման թույլտվության տրամադրման ոլորտը համակարգող՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի, նույն նախարարության՝ «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Անուշավան Այվազյանի, նույն գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանի հետ, կաշառքի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված հնարավոր բարենպաստ պայմաններում և ժամկետներում իրավաբանական անձանց փաստաթղթերը կազմելու և ընդերքօգտագործման իրավունքի թույլտվություն տալու դիմաց, իրեն դիմած ու կաշառք տալու ցանկություն հայտնած իրավաբանական անձանց ներկայացուցիչներից, խմբի կազմում, ինչպես նաև անձամբ ստացել է զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնք հետագայում բաշխել է խմբի անդամների միջև:

Գևորգ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311 հոդվածի 3-2 մասի 3-րդ կետով՝ 4 դրվագ, 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագ, 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Գագիկ Հարոյանին, որն զբաղեցրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ «Ընդերքի գործակալության» ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բաժնի պետի պաշտոնը, տվյալ խմբի կազմում կատարած ենթադրյալ արարքների համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ 2 դրվագ, 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագ:

Անուշավան Այվազյանին, որը զբաղեցրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի՝ «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատարի պաշտոնը, տվյալ խմբի կազմում ենթադրաբար կատարած արարքների համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ 3 դրվագ:

Վարդան Գևորգյանին, որը 2016 թվականից եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալը, տվյալ խմբի կազմում ենթադրաբար կատարած արարքների համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ասլան Տոնոյանը «Քարհանք» ՍՊԸ տնօրենը լինելով, ըստ մեղադրանքի, ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու, տվյալ գործընթացի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում հնարավոր բարենպաստ պայմաններում և ժամկետներում դրական արդյունքն ապահովելու նպատակով պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ներկայումս՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Հովսեփյանին 7 փուլով ընդհանուր՝ 6800 դոլար գումար է տվել:

Ըստ մեղադրանքի՝ այդ գումարից 2900 դոլարը Գևորգ Հովսեփյանն ուղղել է ընդերքօգտագործման թույլտվության իրավունք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելուն, իսկ 3900 դոլարը, համաձայն ձեռք բերված նախնական համաձայնության, որպես կաշառք բաժանել է խմբի անդամներին՝ 1900 դոլարը պահել է իրեն, 1000 դոլարը 2018 թվականի ապրիլի 27-ին տվել է Գագիկ Հարոյանին, 1000 դոլարը 2018 թվականի դեկտեմբերին տվել է նույն նախարարության ընդերքի ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանին:

Ասլան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արամ Ադամյանը, ըստ մեղադրանքի, «Մերձմոսկովյան» ԲԲԸ տնօրենը լինելով, Շիրակի մարզի Կառուն գյուղի անդեզիտաբազալտային խճի արդյունահանման հանքի տարածքն ընդլայնելու գործընթացը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու, տվյալ գործընթացի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում հնարավոր բարենպաստ պայմաններում և ժամկետներում դրական արդյունքն ապահովելու նպատակով պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Հովսեփյանին 2017-2018 թվականների ընթացքում մի քանի փուլով ընդհանուրը՝ 7 հազար դոլար է տվել: Ըստ մեղադրանքի՝ այդ գումարի մի մասը՝ 5 հազար դոլարը, Գ. Հովսեփյանն ուղղել է ընդերքօգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելուն, իսկ 2 հազար դոլարը, համաձայն նախապես ձեռք բերված համաձայնության, որպես կաշառք բաժանել է խմբի անդամներին՝ 2018 թվականի սկզբին 1000-ական դոլար է տվել Գագիկ Հարոյանին ու նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանին:

Արամ Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 2-րդ մասով:

Դատական նիստի հենց սկզբում ամբաստանյալ Վարդան Գևորգյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը հանդես եկավ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդությամբ:

Փաստաբանը նշեց, որ ինքնաբացարկի հիմք կարող է լինել, մասնավորապես, դատավորի վերաբերմունքը կողմի, տվյալ դեպքում՝ պաշտպանի նկատմամբ: Փաստաբանը նշեց, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ կասկած առաջացնել դատավորի անաչառության վերաբերյալ:

Փաստաբանը վկայակոչեց տվյալ գործի հետ առնչություն չունեցող գործեր, որոնց միավորողն այն էր, որ քննվել էին նույն դատավորի կողմից:

Միհրան Պողոսյանը նախ հիշատակեց ՀՔԾ-ում քննվող գործով Վահագն Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննությունը, որը նախագահել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին դատարանը, «դատավարական նորմի կոպիտ խախտումով», բավարարել էր միջնորդությունը և Վահագն Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ տվյալ նիստի վերաբերյալ ինքը դատարանի կողմից ծանուցված չի եղել, չնայած դատարանը տեղյակ էր, որ ինքը հանդիսանում է Վահագն Հարությունյանի շահերի պաշտպանը:

2019 թվականի հունվարի 11-ին Միհրան Պողոսյանը դիմել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով, և կարգապահական վարույթ է հարուցվել:

Միհրան Պողոսյանը նշեց, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Վերաքննիչ դատարանում հետազոտվել է առաջին ատյանի դատարանի նիստի ձայնագրառումը, որով, ըստ Միհրան Պողոսյանի, ««ակնհայտ էր դարձել, որ դատարանը պաշտպանին ծանուցելու ուղղությամբ քայլ չէր կատարել»: Ըստ Միհրան Պողոսյանի՝ նիստի ժամանակ դատավորը դիմել է քննիչին ու հարցրել է, թե ի՞նչ տեղեկություն ունեն մեղադրյալի պաշտպանի մասին, ինչո՞ւ չեն ապահովել նրա ներկայությունը: «Դատարանը իր պարտականությունը դրել է քննիչի վրա»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Այնուհետև Միհրան Պողոսյանը նշեց, որ վերաքննիչ դատարանում իր բողոքի քննության ժամանակ ի հայտ է եկել «Հեռախոսագիր» վերտառությամբ «կեղծ փաստաթուղթ», իբր՝ դեկտեմբերի 30-ին դատարանից զանգել են իր հեռախոսահամարին, սակայն իրականում, ըստ Միհրան Պողոսյանի, տվյալ հեռախոսահամարից իր հեռախոսահամարին տվյալ օրը զանգ չի եղել: Պաշտպանի պնդմամբ՝ «Հեռախոսագիր» կոչվող «կեղծ փաստաթուղթը» կազմվել էր հետագայում՝ կատարվել էր «պաշտոնեական կեղծիք», ու կեղծ փաստաթուղթը «զետեղվել էր» քրեական գործի մեջ: Այդպիսով, ըստ փաստաբան Միհրան Պողոսյանի, դատարանը փորձել էր «կոծկել կոպիտ խախտումը»:

Միհրան Պողոսյանը նշեց, որ ինքը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով կատարված ենթադրյալ հանցագործության մասին: Հարուցվել է քրեական գործ, որով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ դեռևս չկա, գործն ընթացքի մեջ է:

Հետագայում՝ մեկ այլ գործով դատական քննության նախապատրաստական փուլում, դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղյակ է պահել փաստաբան Միհրան Պողոսյանի հաղորդումներով իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման ու պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ ՀՔԾ հաղորդում ներկայացնելու մասին: Դատավորը նշել է, որ այդ հանգամանքները հիմք են ինքնաբացարկ հայտնելու համար, քանի որ կարող է ողջամիտ կասկած լինել, թե ինքը Միհրան Պողոսյանի նկատմամբ կարող է կողմնակալ վերաբերմունք դրսևորել:

Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ հիշյալ հանգամանքներով պայմանավորված հիշյալ ողջամիտ կասկածը դեռևս փարատված չէ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ դեռևս չկա: Հենց իր՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից մեկ այլ գործով հայտնած ինքնաբացարկի հիմքն առկա է նաև հենց այս գործով. դատարանի ու փաստաբանի փոխհարաբերություններով պայմանավորված՝ դատարանի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածը շարունակում է մնալ չփարատված:

Միհրան Պողոսյանը նշեց՝ եթե դատավորն այս նիստին դուրս գար ու հայտներ հիշյալ հիմքի առկայության մասին, ինքնաբացարկի միջնորդություն գուցեև չներկայացվեր, բայց նիստը սկսելու՝ դատավորի գործելաոճից փաստաբանը զգացել է, որ նա մտադիր է նախագահել այս գործի դատական քննությունը, ինչը, ըստ փաստաբանի, չի բացառում, որ դատարանը ուղղակի շահագրգռված է այս գործի ելքով ու չի կարող անաչառ լինել…

Ամբաստանյալների շահերի պաշտպաններն ու ամբաստանյալները միացան Միհրան Պողոսյանի միջնորդությանը:

Մեղադրող դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, թե հնարավոր է այլ գործով դատարանի կողմից որոշակի թերություններ եղել են, որոնք պաշտպանական կողմը վիճարկել է քրեադատավարական ճանապարհով, հետևաբար՝ դա չի կարող ազդել ա՛յս գործով դատարանի անաչառության վրա:

Մեղադրողի առարկությունից հետո Միհրան Պողոսյանը իր ասածին հավելեց հետևյալը: Նա հիշեցրեց, որ 2020 թվականի մարտի 23-ին, երբ ընդհանուր իրավասության դատարանը Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քննում էր Միքայել Մինասյանի խափանման միջոցի հարցը, պաշտպանական կողմը համանման ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահողին: Մեղադրող դատախազը ճիշտ համանման՝ «ընդհանուր բնույթի» արտահայտություններով առարկել է: Դատարանը մերժել է պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունը, ապա և Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Պաշտպանական կողմը բողոքարկել է այդ որոշումը: Եվ վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի հունիսի 4-ի որոշմամբ բեկանել է Արտուշ Գաբրիելյանի կայացրած որոշումը, վերաքննիչ դատարանը, ըստ էության, բավարարել է Արտուշ Գաբրիելյանին պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի՛ միջնորդությունը: Վերաքննիչ դատարանը իր որոշման մեջ հիշատակել է, որ դատավոր Գաբրիելյանը մի դեպքում որպես իր ինքնաբացարկի հիմքեր է ներկայացրել փաստաբան Միհրան Պողոսյանի հետ կապված որոշակի հանգամանքները, իսկ մյուս դեպքում այդ նույն հանգամանքերը ինքնաբացարկի հիմք չի համարել, այսպիսով՝ ողջամիտ կասկած առաջացնելով, որ կարող է անաչառ դատարան լինել:

Միքայել Մինասյանի խափանման միջոցի հարցով, ըստ պաշտպանի, ստիպված են նոր քննության գնալ:

Ահա, այս գործով առաջանում է նույն իրավիճակը: Եթե դատավոր Արտուշ Գաբրիելյանը չբավարարի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, ստիպված են լինելու դարձյալ վերաքննիչ բողոք բերել, իսկ դրանից հետո էլ գործի քննությունը սկսել նորից…

Միհրան Պողոսյանն ինքնաբացարկի միջնորդության հետ դատարանին ներկայացրեց նաև վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որտեղ դատական երկրորդ ատյանը անդրադարձել էր Միքայել Մինասյանի խափանման միջոցի քննության ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու հարցին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց որոշումը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց:

Ընդերքօգտագործման թույլտվություններ տալու գործընթացում բացահայտված կոռուպցիոն մեխանիզմների այս գործը կմակագրվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի:

 

  • Կիսվել: