երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՅԴ-ն դեռ չունի որոշում․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

ՀՅԴ-ն դեռ չունի որոշում․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

ՀՅԴ-ն դեռ չունի որոշում՝ ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սևանի հանրահավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՅԴ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու՞ է։

Դիտարկմանը, թե Քոչարյանը հայտարարել է, որ արդեն երկու կուսակցության հետ կա համաձայնություն, Սաղաթելյանն արձագանքեց․ «Քանի դեռ ՀՅԴ ԳՄ-ն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մենք որոշում չունենք։ Նման հարցերը ՀՅԴ-ում որոշվում են համապատասխան ժողովում, կունենանք ժողով, որոշումը կկայացնենք, կտեղեկացնենք»,-ասաց նա։

Սաղաթելյանը հայտարարեց՝ Շարժումը մի հարցում ունի 100 տոկոս կոնսենսուս՝ «այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա»։

«Մեր տեսակետը շարունակում է մնալ նույնը՝ լավ կլինի այս չարիքի կառավարությանը «քշել» մինչև ընտրությունները։ Նաև՝ չկա նշանակված ընտրություն, կա ընդամենը դրա մասին հայտարարություն։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը, հետագիծը՝ ես շարունակում եմ պնդել, որ հնարավոր է՝ ընտրություններ չլինեն, եթե ոչ մի բան չգտնի, կորոնավիրուսը պատճառ կբերի»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ նշելով, թե Շարժումը շարունակում է շարժվել պայքարի 3 փուլերով․

«Եթե մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրանից հետո 14 օրվա ընթացքում չենք հաջողի, կորոշենք՝ ինչ անել։ Եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին, դրանք մեզ համար չեն լինելու ստանդարտ ու սովորոկան, լինելու են այս դավաճաններին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով։ Եթե մենք մասնակցենք ընտրություններին, իմացեք, որ ընտրություններից հետո վարչապետը չի լինելու, որովհետև այդ ճանապարհով ենք հեռացնելու»,-ասաց նա։

  • Կիսվել: