երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՅԴ–ական երիտասարդներն Արցախի շրջափակման հարցով բողոքի ակցիաներ են արել մի շարք երկրներում

ՀՅԴ–ական երիտասարդներն Արցախի շրջափակման հարցով բողոքի ակցիաներ են արել մի շարք երկրներում

 ՀՅԴ–ի աշխարհասփյուռ կառույցները շարունակում են իրենց ձայնը բարձրացնել աշխարհի տարբեր անկյուններում` ի աջակցություն Արցախի և արցախահայության: ՀՅԴ–ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արցախի 100-օրյա շրջափակման կապակցությամբ ՀՅԴ Շվեդիայի Երիտասարդական միությունը երեկ բողոքի ակցիա է իրականացրել Ստոկհոլմում:

«Այսօր 100 օրն է, ինչ Արցախի 120 հազար հայեր արգելափակվել են Ադրբեջանի կողմից: Դադարեցրե՛ք Արցախի էթնիկ զտումը: Բացե՛ք Լաչինի միջանցքը», – պահանջել են ցուցարարները:

Միաժամանակ Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը, որի բռնապետական ռեժիմը շրջափակման մեջ է պահում 120 000 հայերին: Նրանք եռագույն ծխագլաններ են արձակել։

Բացի այդ, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամները Լիբանանում այցելել են տեղի այլ 6 երկրների դեսպանատներ` ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Նիդերլանդների և Շվեյցարիայի, ինչպես նաև Լիբանանում ԵՄ և ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի գրասենյակներ։ ՀՅԴ–ականները նամակ են հանձնել վերոհիշյալ կառույցների ներկայացուցիչներին։

Հավելենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ակցիան կրկին վերաբերում է Արցախի շրջափակմանը:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

  • Կիսվել: