երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հույս ունենք հնարավորինս արագ  համաձայնության հասնել խաղաղության  պայմանագրի տեքստի շուրջ եւ ստորագրել այն. Փաշինյան

Հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ եւ ստորագրել այն. Փաշինյան

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված. ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը  հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության  օրակարգի առաջ մղումը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման  պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում եւ մենք հույս ունենք հնարավորինս արագ  համաձայնության հասնել տեքստի շուրջ եւ ստորագրել այն:  Միջազգային հանրության ընկալումը ավելի  ու ավելի շատ է հակվում այն բանաձեւին, որ Հայաստանն ու Ադրբեջանը առանց վերապահումների պետք է ճանաչեն  միմյանց համապատասխանաբար 29 800 քառակուսի կմ եւ 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը եւ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ պետք է տեղի ունենա երկխոսություն:

Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը եւ բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝  ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային  մեխանիզմները չափազանց կարեւոր են: Միաժամանակ համոզված եմ, որ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով: Սա ամենեւին էլ հեշտ գործընթաց չէ, բայց կարծում եմ՝ այն է, ինչ ուզում եւ ակնկալում է մեր ժողովուրդը:

Տնտեսական եւ բյուջետային ցուցանիշները, կարծում եմ՝ հանրության եւ տնտեսության  արձագանքն են մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին»,-հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: