Քննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը: Նրան ԱԺ-ում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Վիլեն Գաբրիելյանը ծնվել է 1983 թվականին Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում: 2005-ին ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, մասնագիտությամբ՝ դեղագետ:
Աշխատել է որպես դեղագետ, 2007-2008 թվականներին Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի առաքման բաժնի պետ: 2008-2009 թվականներին «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ում որպես դեղատնային ցանցի վերահսկողության ցանցի պետ: 2021-2022 թվականներին եղել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն: 2021-2025 թվականներին եղել է ՀՀ 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Վիլեն Գաբրիելյանը եղել է Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ: 8-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 32 օրենքի նախագիծ, որոնք ընդունվել են:
2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, եղել է կուսակցության 1-ին, 3-րդ, ապա 5-րդ վարչության անդամ: 2023-2026 թվականներին «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն» ՀԿ նախագահ:
2016-2018 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում: Բուժծառայության ավագ լեյտենանտ է:
Իր ելույթի ժամանակ Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց, որ հանձնաժողովն առավել պահանջկոտ է լինելու Կառավարության գործընկերների նկատմամբ, և որ հանձանժողովի խնդիրներից է լինելու ստեղծել աշխատանքային այնպիսի միջավայր, որտեղ մասնագիտական գիտելիքը լսելի է, իսկ օգտակար առաջարկն ունենում է գործնական շարունակություն:



