Եթե 12-ի փոխարեն 6 մշտական հանձնաժողով ունենանք՝ 500 000 դոլար կտնտեսենք, իսկ դա 25 արաբական ձի է՝ փառատոն կկազմակերպենք. Էդգար Ղազարյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանն անդրադառնալով ՔՊճի առաջարկին՝ ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝ ընդգծեց, որ ԱԺ կանոնակարգով նախատեսված հանձնաժողովների առավելագույն թիվն է 12-ը, բայց դա դեռ չի նշանակում, որ Ազգային ժողովում կարող է ստեղծվել հենց 12 մշտական հանձնաժողով, այսինքն, կարող է ստեղծվել նաև վեց մշտական հանձնաժողով։
«Ես ունեմ առաջարկություններ, թե որոնք կարող էին լինել այդ 6, մշտական հանձնաժողովները։ Ընդ որում, ես աշխատակազմիս տեղեկություններ ճշտելու կարիք չունեմ, որովհետև նայել եմ նախորդ գումարման Ազգային ժողովի հանձնաժողովների գրեթե բոլոր արձանագրությունները և փաստել եմ, որ այնտեղ կա հանձնաժողով, որը 5 տարվա ընթացքում ունեցել է ընդամենը 1 արձանագրություն։
Այսինքն, ոլորտային գրեթե ոչ մի հարց չի քննարկվել, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, Եվրասիական տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը, Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը գրեթե ծանրաբեռնվածություն չեն ունեցել։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը դա այն մարմինն է, որը ծանրաբեռված պիտի աշխատի օրենքի նախագծեր քննարկելու համար, իսկ եթե չկա ծանրաբեռվածությունը, մենք ուղղակի պետական բյուջեի ավելորդ միջոցներ ենք վատնում։
Ես հաշվել եմ, որ եթե 12-ի փոխարեն ունենանք 5-6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձների տարբերության մասով, 5 տարվա ընթացքում մենք տնտեսում ենք մոտավորապես 500 հազար դոլար փող, իսկ եթե ուզում եք իմանաք, թե ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել արաբական ձիերի փառատոն և այդ շոգին այն մարդիկ, ովքեր ուզում են դրան մասնակցեն, չգնան հասնեն Քաթար»։


