Հուսով ենք, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք համագործակցության. ԱՊՀ գլխավոր քարտուղար
ԱՊՀ-ում հույս ունեն, որ Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները կկարգավորվեն և Երևանը կվերադառնա կառույցի շրջանակներում լիարժեք համագործակցության։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է միավորման գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Մենք վստահ ենք, որ Բելառուսի հետ Հայաստանի հարաբերություններում ամեն ինչ կկարգավորվի։ Ե'վ մեր բելառուս ընկերները, և' անձամբ Բելառուսի նախագահը հավատում են, որ դժվարությունները ժամանակավոր են։ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ շրջանակներում լիարժեք համագործակցության. ԱՊՀ գործկոմն ու անձամբ ես հուսով ենք, որ դա այդպես կլինի», - ասել է Լեբեդևը։
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչները Բելառուսի նախագահի ընտրություններում Լեբեդևի գլխավորած ԱՊՀ առաքելության կազմում չեն եղել։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին մեղադրել էր Արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու մեջ և հայտարարել, որ Հայաստանի ներկայացուցիչները Մինսկում ԱՊՀ միջոցառումներին կմասնակցեն միայն տեսակապի միջոցով: