ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հուսով եմ՝ հրաժարականից հետո իրավապահ համակարգը ավելի զուսպ իրեն կպահի՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանսեր չունի․ Քոչարյան

Հուսով եմ՝ հրաժարականից հետո իրավապահ համակարգը ավելի զուսպ իրեն կպահի՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանսեր չունի․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանում առաջիկայում կայանալիք ընտրությունները թեթև չեն լինելու, հսկայածավալ քարոզչական աշխատանքի անհրաժեշտություն է լինելու։ Այս մասին նա խոսել է իր աջակիցների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ մարդիկ արդեն սովորել են փողոցային պայքարին.

«Կարծում եմ՝ նաև նման պայքարի կարիք, հավանաբար, լինելու է, հուսով եմ՝ հրաժարականից հետո իրավապահ համակարգը ավելի զուսպ իրեն կպահի՝ հասկանալով, որ այդ մարդը վերընտրվելու շանսեր չունի»։

ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է՝ «վիզներս ծռած ազգ ենք դառել»։

«Այսպես մի քիչ էլ շարունակվի՝ ցեղ ենք դառնալու», - ասել է նա։

Ըստ նրա՝ պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի առարկա դարձնել, աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Օրենսգրքում պետք է մի բան մտցնել, որ պաշտոնյան, օրենքի ուժով եթե ապացուցվում է, որ ստել է, ինքը կորցնում է պաշտոնն ու հինգ տարի իրավունք չունի որևէ պետական պաշտոն զբաղեցնել, այսպիսի խիստ մեթոդներ է պետք է կիրառել», - ասել է նա։

Քոչարյանը նշել է, թե շշմելու բան է՝ մարդ է նշանակվում Հայաստանում նախարար, ով կյանքում երեք մարդ ղեկավարած չկա։

«Ու դու չես տեսնում, որ ընդվզում կա հանրության կողմից, դա նորմալ չէ», - ասել է նա։

Երկրորդ նախագահի խոսքով՝ նորմալ երևույթ չէ, երբ քրեական գործով մարդիկ սկսում են հպարտանալ։

«Մենք այս իշխանությանը հրաժեշտ տալուց հետո պետք է անենք ամեն ինչ, որ վերադառնա մեր երկրում այն վերաբերմունքը, որ լավ չի քրեական գործի տակ լինել», - ասել է Քոչարյանը։

Նա նշել է, թե գալու է իշխանության, որ ժողովրդի խնդիրները լուծի, կենսամակարդակը բարձրացնի։

 

  • Կիսվել: