երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հունաստանում ՀՀ դեսպան Մկրտչյանը Պատրասի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին նվիրված գրականություն

Հունաստանում ՀՀ դեսպան Մկրտչյանը Պատրասի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին նվիրված գրականություն

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվել է Հունաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքի՝ Պատրասի համալսարանում: Այդ մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար, կարևորեց մի շարք ոլորտներում Հունաստանի գիտական փորձը և մասնավորապես ընդգծեց Պատրասի համալսարանի գիտակրթական և ուսումնամեթոդական բարձր մակարդակը:

Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Խրիստոս Բուրասը շնորհակալություն հայտնեց այցելության համար, ներկայացրեց համալսարանի գործունեության ուղղությունները, առանձնահատկությունները և գիտահետազոտական հաջողությունները: Ռեկտոր Բուրասը պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու Հայաստանի համալսարանների հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում, որը կարող է ամրապնդվել հուշագրի ստորագրմամբ:

Կողմերը պայմանավորվեցին քննարկված թեմաների շուրջ գործնական քայլեր ձեռնարկել և դիտարկել հուշագրի մշակման և ստորագրման հնարավոր մոտ ժամկետները:

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը Պատրասի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին և հայոց պատմությանը նվիրված գրականություն։

  • Կիսվել: