ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունաստանի խորհրդարանը շարունակելու է պահանջել միջազգային հանրությունից ճանաչելու հայերի ցեղասպանությունը

Հունաստանի խորհրդարանը շարունակելու է պահանջել միջազգային հանրությունից ճանաչելու հայերի ցեղասպանությունը

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Հունաստանի Կալամատա քաղաք:

 
Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը Կալամատայում մասնակցել է տեղի քաղաքապետարանի և հայերի միության համագործակցությամբ կազմակերպված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը, Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասը, Հունաստանի և Կալամատա քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը: Իր խոսքում նա նշել է, որ 107 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ ընդգծելով անմեղ զոհերի հիշատակման և ոգեկոչման կարևորությունը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանն ընդգծելով, որ 107 տարի առաջ տեղի ունեցած Հայերի ցեղասպանությանը հաջորդեցին Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունները, 1955թ. Պոլսի զարգացումները, 1974թ. Կիպրոսի զավթումը և 2020թ. թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախ ներխուժումը, որի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ավերվեցին եկեղեցիներ, մշակութային կոթողներ:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հունաստանի խորհրդարանը շարունակելու է պահանջել միջազգային հանրությունից ճանաչելու հայերի ցեղասպանությունը, որպեսզի այլևս մարդկությունը չառերեսվի նմանատիպ ոճրագործությունների հետ:

Ողջունի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, նշելով, որ մեծ պատիվ է որպես Հունաստանում ՀՀ դեսպան Կալամատա կատարած առաջին այցի շրջանակներում մասնակցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Դեսպանը նշեց, որ այս օրերին Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ տեղի են ունենում Հունաստանի տարբեր քաղաքներում՝ Աթենքում, Քսանթիում, Ալեքսանդրուպոլիում, Սալոնիկում, Կալամատայում և այլ քաղաքներում: Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ Հունաստանը այն եզակի երկրներից է, որտեղ թե՛ մեծ և թե՛ փոքր քաղաքներում հիշում են այդ օրերը, հարգում անմեղ զոհերի հիշատակը: Այդ համատեքստում դեսպան Մկրտչյանն արձանագրեց, որ դա չափազանց կարևոր է, քանի որ հիշատակումը կարևոր քայլ է ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:

 Միաժամանակ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը, Հունաստանի, Կիպրոսի և մի շարք այլ բարեկամ երկրների հետ միասին պարբերաբար հեղինակում է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված բանաձևեր՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում: Դեսպանն իր խորին երախտագիտությունը հայտնեց հույն եղբայրական ժողովրդին՝ Հայաստանի և հայ ժողովրդի բնական դաշնակցին վերջինիս կողմից ցուցաբերվող աջակցության համար ընդգծելով, որ կշարունակի ջանքեր գործադրել էլ ավելի ամրապնդելու երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:

Դեսպանն արձանագրեց, որ երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, ընդհանուր սպառնալիքներ, նաև՝ ընդհանուր պատմություն, որն ուրույն դերակատարություն ունի երկու պետությունների ձևավորման գործում:

Իր խոսքի վերջում դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Կալամատայի հույներին՝ Կալամատայի հայկական համայնքի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու համար:

Միջոցառման ավարտից հետո կայացավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական խաչքարի մոտ՝ Կալամատայի քաղաքապետի, Հունաստանում ՀՀ դեսպանության, Հունաստանի խորհրդարանի պատգամավորների, Կալամատայում Հունաստանի ԶՈՒ-ը ներկայացնող հրամանատարի ներկայացուցչի, Հունաստանում հայկական համայնքի ներկայացուցիչների և Կալամատայի հայկական համայնքի եկեղեցական խորհրդի նախագահի կողմից:

  • Կիսվել: