Հրայր Թովմասյանը շատ բան է ասում, Սերժ Սարգսյանն էլ էր ասում` չեմ գնա. Ալեն Սիմոնյան
Որևէ կապ չունի, թե նա ում հայրն է, ում բարեկամն է, խոսքը օրինականության մասին է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին ԱԱԾ հրավիրելուն:
ԱԺ փոխխոսնակը պարզաբանեց. «Այսինքն` եթե տվյալ անձը չլիներ որևէ մեկի հայրը, իմ հայրն էլ լիներ, մեկ է այցելելու էին, եթե ունեին տեղեկություն: Իմ հետ կապված նույնպես եղել են դեպքեր, որ կանչել են քննչական, ես ցուցմունք եմ տվել՝ գրավելով այն պաշտոնը, որ ես այսօր զբաղեցնում եմ: Բայց ես դա չեմ համարել իմ նկատմամբ հետապնդում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այս ամենը սկսվեց միայն այն բանից հետո, երբ ՍԴ-ն վարույթ չընդունեց ԱԺ դիմումը, որը վերաբերում էր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն, Ալեն Սիմոնյանը այսպես պատասխանեց. «Մենք այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվում, որ եթե չընդունեցին, հլա մի հատ սրա հորը բերեք, նրա հորը բերեք: Դա իրենց պրիմիտիվ, տափակ տրամաբանությունն է: Իրենց գործելակերպը, գնալ մարդուն պատժելը, ոչնչացնելը, բանտեր նետելը, դա իրենց ոճն է, թող իրենց չափանիշներով մեզ չչափեն»:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց` իրավական դաշտում արվելու է ամեն ինչ, որպեսզի դատական ճգնաժամը լուծվի. «Դա կլինի Արման Բաբաջանյանի ներկայացրած նախաձեռնությամբ, Վահե Գրիգորյանի առաջարկածով կամ ԱԺ առաջարկած որևէ տարբերակով, դա ժամանակի և տեխնիկայի հարց է: Բայց, որ հարցը լուծվելու է, թող որևէ մեկի մոտ կասկած չլինի, նույն Հրայր Թովմասյանի և նրանց մոտ, որոնք նրան դրդում են, ասում են՝ հանգիստ, ամեն ինչ լավ է լինելու: Այն մարդիկ, որոնք իրեն հույս են տալիս` ենթադրում եմ, որ դա այն մարդն է, որ իրեն նշանակել է, կամ մոտիկ բարեկամներից որևէ մեկը, այդ մարդկանց նույնպես ասում եմ՝ չի ստացվելու տղերք»:
Իսկ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, որ ինքը պաշտոնից կհեռանա, երբ ավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, Սիմոնյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանն էլ էր տենց ասում: Էլի շատ մարդիկ են եղել, որ սկզբում ասում եին՝ մնամ, ձեզ հետ աշխատեմ: Իսկ երբ ասում էինք, որ չես կարող, մեզ պատասխանում էր, դե ուրեմն չեմ գնա, ես սա ունեմ, նա ունեմ: Շատ բան է ասում»: