չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հրապարակ». «Իմ շունն Էջմիածնի կեր չի ուտում». Մանվել Գրիգորյանի դստերը կանգնեցրել են ոստիկանները

«Հրապարակ». «Իմ շունն Էջմիածնի կեր չի ուտում». Մանվել Գրիգորյանի դստերը կանգնեցրել են ոստիկանները

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երեւան-Էջմիածին մայրուղում: Ոստիկանները կանգնեցրել են գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր ավտոմեքենան, որն ուղեւորվելիս է եղել Երեւան:

Հարցին, թե ուր է գնում, գեներալի դուստրը պատասխանել է՝ Երեւան, շան կեր գնելու: Ոստիկաններից մեկը զարմացել է՝ ինչ է, Էջմիածնում շան կեր չկա՞: Գեներալի դուստրն էլ պատասխանել է՝ իմ շունն Էջմիածնի կերը չի ուտում:

Ի վերջո, ոստիկանները թույլ չեն տվել գուրման շան տիրոջը Երեւան գնալ, ու նա ստիպված վերադարձել է Էջմիածին: Թե դուստրերից որն է եղել՝ Այծեմնիկը, Արփենիկը, թե դատավոր Նաիրա Գրիգորյանը, լուրը մեզ փոխանցող քաղաքացին չգիտեր: «Դժվար դատավորը եղած լինի: Բայց կարամ ասեմ, որ ավտոն ջիպ էր»,- ասաց նա:

 

Մանվել Գրիգորյանի մամուլի հետ կապն ապահովող, ԵԿՄ նախկին խոսնակ Վարդան Վարդանյանն էլ չգիտեր, թե եղե՞լ է արդյոք նման միջադեպ: «Պարոն Գրիգորյանը երեք աղջիկ ունի, բոլորն էլ շատ շներ ունեն, կփորձեմ պարզել»,- ասաց նա: Հետո էլ ասաց՝ չկարողացա պարզել:

Ոստիկանության հասարակության եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ հազարավոր մարդիկ են գնում-գալիս Էջմիածնի ճանապարհով. «Ի՞նչ իմանանք, ով ում աղջիկն ա, ով ում տեգոր կինը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: