Հովիկ Աղազարյանը հայտնել է, թե երբ վայր կդնի մանդատը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկվել է հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վարքագծի հետ կապված հարցը։
Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աղազարյանը նշեց, որ մասնակցել է վարչության նիստին նոյեմբերի 15-ին ԱԺ-ում անցկացված խորհրդարանական լսումների ընթացքում իր պահվածքի հետ կապված հարցերը պարզաբանելու նպատակով։
«Վարչության անդամներն ինձ հարցեր տվեցին՝ պարզելու որոշ դրվագներ։ Չգիտեմ, թե ինչ որոշում են կայացրել, քանի որ նիստից դուրս եմ եկել վարչության անդամ չլինելու պատճառով։ Ինձանից դժգոհություն չկար, հարցերը տրվել են սիրալիր ձևով։ Պարզաբանումներ պահանջվեցին, թե ինչպե՞ս եղավ, որ պարոն Քյարամյանին դիմեցի «արա» բառով և ինչո՞վ պայմանավորված էր այն հանգամանքը, որ պարոն Քյարամյանը հայտարարեց, թե ես որդուս շահերն եմ պաշտպանել»,- ասաց Աղազարյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ինքը վայր դնի մանդատը, Աղազարյանը պատասխանեց.
«Այդ հարցն իմ օրակարգում չկա։ Ինձ որևէ մեկը չի հորդորել մանդատը վայր դնել։ Եթե վարչությունը նման պահանջ ներկայացնի, կմտածեմ այդ մասին։ Սակայն, եթե պարոն Քյարամյանն անուններ տա և հիմնավորի, որ իմ անունից դիմումներ են արվել իմ որդու մասնակցությամբ ընկերության քրեական վարույթի շրջանակներում, ապա կդնեմ մանդատը»։
Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի էր ունեցել թեժ բանավեճ։ Աղազարյանը քննադատել էր Քյարամյանին պատգամավորների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար։ Նույն նիստի ընթացքում պատգամավոր Նարեկ Զեյնալյանն ընդգծել էր, որ անընդունելի է պատգամավորների հետ նման տոնով և ժեստիկուլյացիայով խոսելը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հոկտեմբերի 15-ի միջադեպից հետո հարուցել էր կարգապահական վարույթ։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել էր, որ վարչությունում այս միջադեպի վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն՝ պարզաբանելու առաջացած հարցերը։
Ավելի ուշ, նոյեմբերի 17-ին, տեղեկություններ տարածվեցին, թե Աղազարյանն ու Զեյնալյանը պատրաստվում են վայր դնել մանդատները։ Աղազարյանը հերքեց լուրը՝ նշելով, որ նման որոշում չունի։
Նոյեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հայտարարեց պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին։