հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
Հորդորում ենք վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային. հայտարարություն

Հորդորում ենք վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային. հայտարարություն

Նախորդ ուրբաթ «Հայկակակ Ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ եկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի օրը) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ 

«Ինչպես նախորդ առցանց ասուլիսների ժամանակ, այս անգամ ևս լրատվամիջոցների՝ նախապես ուղարկած հարցերը ուղիղ եթերում կհնչեցնի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Տաթև Դանիելյանը», - նշվում էր թերթի հայտարարության մեջ։

Այսօր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը հաստատեց թերթի «տեղեկությունները»՝ հայտարարելով, որ հունիսի 27-ին վարչապետը հարցերին կպատասխանի ֆեյսբուքյան էջի եթերում։ Նման ձևաչափով վարչապետի «ասուլիսներ» նախկինում տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 24-ին և 2022 թվականի հունվարի 24-ին։ Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգները, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։

Արդյունքում ըստ էության սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։ Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին։

Ուստի, hորդորում ենք վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային, մանավանդ, որ նախկինում առկա՝ կորոնավիրուսային համավարակով պատճառաբանվող սահմանափակումները ներկայումս արդիական չեն։

«Առավոտ» օրաթերթ

«Ա1+» հեռուստաընկերություն

«Ինֆոքոմ» «Մեդիալաբ»

«Սիվիլնեթ»

«Փաստերի ստուգման հարթակ»

«Ազատություն» ռադիոկայան

Հայտարարությունը բաց է ստորագրման համար:

  • Կիսվել: