հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հորդորում եմ ուժայինի բոլոր ներկայացուցիչներին դուրս չգալ իրենց լիազորությունների շրջանակից. Վանեցյան

Հորդորում եմ ուժայինի բոլոր ներկայացուցիչներին դուրս չգալ իրենց լիազորությունների շրջանակից. Վանեցյան

Ինձ ասացին, որ ոստիկանները հարվածել են քաղաքացու՝ անտեղի, և սկսվեց այդ քաշքշուկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիք կուսակցության ղեկավար, ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր իրենց երթի ժամանակ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ, կինչպես արդեն հայտնել էինք, քաշքշուկ էր եղել ոստիկանների և քաղաքացիների միջև:

՛՛Իշխանությունը հոգեվարքի մեջ է, վերջին ճիգերն է գործադրում, փորձում են ինչ-որ մի կերպ ճնշել ժողովրդին։ Չեն կարողանալու, ավելի են բորբոքելու, և ինչքան իրենց այդպես պահեն, այդքան շուտ է իրենց վերջը գալու։ Եւս մեկ անգամ՝ որպես գեներալ, որպես ուսադիր կրող մարդ, հորդորում եմ ուժայինի բոլոր ներկայացուցիչներին դուրս չգալ իրենց լիազորությունների շրջանակից և ծառայել օրենքի, երկրին, այլ ոչ թե անձերին և խմբակներին՛՛,-ասաց Վանեցյանը։

Նա հավելեց, որ տեղյակ չէ, թե արդյոք տարածքից կա՞ բերման ենթարկված, թե՞ ոչ:

՛՛Երբ ամփոփում էինք երթը, ասացին, որ ոստիկաններից մեկը հարվածել է մեր տղաներից մեկին։ Չգիտեմ ում է հարվածել, ինչի է հարվածել։ Շատ է խոսվում, որ ոստիկանի համազգեստով այս իշխանությունների ներկայացուցիչներ են, գուցե նրանք են եղել՛՛,–նշեց Վանեցյանը:

Նա նշեց նաեւ, որ, ամեն դեպքում, ոստիկանների մեջ կան շատ մարդիկ, որոնք հստակ կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները։

  • Կիսվել: