հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք բերվել է, բայց Ադրբեջանը չի կատարել․ Փաշինյան

Հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք բերվել է, բայց Ադրբեջանը չի կատարել․ Փաշինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց պատերազմում պարտության ու պատերազմն ավելի վաղ չկանգնեցնելու համար։

Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց՝ պատերազմում ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է:

«Հարյուր անգամ եմ ասել այդ մասին», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե ինքը եղել է Ստեփանակերտում ու հրավիրել է խորհրդակցություն, լսել է մարդկանց կարծիքները, թե ինչ կարող են անել իրադրությունը փոխելու վերաբերյալ․

«Հնչել են առաջարկներ, ես էլ խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում: Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում ու ինձ զեկուցել են որոշման ընթացքի մասին»։

Վարչապետն ընդգծեց՝ որ անընդհատ Լելե Թեփեի մասին են խոսում, ինքը ոչ մի անգամ այդ անունը չի տվել:

«Լելե Թեփե օպերացիա, նման հասկացություն չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե, իբր, ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին կորցրել է, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք Լելե Թեփեն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա, դա կատարյալ անհեթեթություն է», - ասաց նա:

Վարչապետը նշեց, թե ընդդիմությանն ավելի շատ դավաճան ու կապիտուլյանտ են անվանում ու ընտրությունները դրա մասին են վկայում:

«Ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներն կունենանք», - ասաց նա:

Փաշինյանն ասաց, թե իրեն մեղավոր է ճանաչում բանակը կոռումպացված տարրից չազատելու համար 2018 թվականից հետո:

Նա նշեց, թե հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որի արդյունքով Հայաստանի ԱԳ նախարարը Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարների հետ ստորագրել է փաստաթուղթ, որը հրապարակվել է, որը հանրության կողմից լայնորեն ողջունվել ու ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կատարել:

«Այսինքն՝ ես չեմ հասկանում, էս ամեն ինչը դուք, իրոք, չգիտե՞ք: Ձեզ թվում է, որ ձեզ համար իրականություն եք ստեղծել... Լելե Թեփե հասկացությունը ձեր մտացածին քարոզչական, կներեք արտահայտությանս, հնարքներ են, որոնց սնանկությունը ընտրություններով երևաց», - ասաց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: