չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են. Մամիջանյան

Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են. Մամիջանյան

Հայ զինվորի կյանքը Նիկոլ Փաշինյանի համար արժեք չունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ քննիչ հանձանաժողովում Փաշինյանի հնչեցրած մտքերին։

«Արդեն որերորդ անգամ Փաշինյանը խոսում է զինվորների կյանքեր փրկելու մասին և արդեն որերորդ անգամ այդ զինվորների թիվը փոփոխվում է:

2020-ի նոյեմբերի 12-ին  20 հազարի մասին է ասել, 25-ին 30 հազար զինվոր էր փրկում, իսկ հիմա, պարզվեց՝ 25 հազար: Սա լավագույնս ցույց է տալիս, որ հայ զինվորի կյանքը Փաշինյանի համար արժեք չունի: Դա նաև երևում է իր գործողությունների հետագծից»,-նշեց պատգամավորը:

Մամիջանյանն անդրադարձավ հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպման մանրամասներին․«Գիտեք, որ մեր կուսակցությունից մասնակցում էր Էդուարդ Շարմազանովը և ինքը՝ պարոն Շարմազանովը, իր գրառումներում և հարցազրույցներում դրա մասին բազմիցս ասել է, բայց ես ևս մեկ անգամ կկրկնեմ: Այդ հանդիպման ժամանակ նա ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տված, ասել է, որ ինքն է խնդրել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին Սյունիքում տեղակայել ՌԴ դրոշներ: Ինքը նշեց, որ այն ժամանակ հիշատակվում էր, իբր իր կողմից կարմիր գիծ էր Շուշին կամ Սյունիքով միջանցքի տրամադրումը:

Սկսենք Շուշիի թեմայից. Փաշինյանը փորձում է մանիպուլացնել փախստականների վերադարձը՝ ներկայացնելով, որ 90 տոկոս բնակեցված Շուշի կվերադառնային ադրբեջանցիները և փաստացի այն չէր լինի Արցախի տիրապետության տակ: Անցնենք նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստին: Այդ տեքստով նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվելու  է փախստականների վերադարձ: Հարց եմ տալիս՝ այս պահին Արցախի տիրապետության տակ գտնվող տարածքներ գոնե մեկ ադրբեջանցի եկե՞լ է: Հետևաբար, ներկայացնել, թե նմանօրինակ ձևակերպումը ենթադրում էր Շուշիի կորուստ, մանիպուլյացիա է: Փաշինյանը պարզապես ստում է: Այդ օրը  Շուշիի պահպանմամբ  հրադադարի հնարավորություն կար»:

Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի  ճանապարհին, ապա նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ, ըստ Մամիջանյանի, նույն բանն է նախատեսվում, այսինքն՝ ռուսական խաղաղապահների միջնորդությամբ պետք է ճանապարհի տրամադրում իրականացվի.«Այսինքն՝ երկու կետերը, որոնք իր համար իբր կարմիր գիծ էին, վերջում հենց այդպես էլ ստորագրվեցին:

Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերը ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են»:

  • Կիսվել: