ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հիմա ինչպե՞ս խաղաղության պայմանագիր ստորագրես, երբ հողերդ օկուպացված են․ Հովիկ Աղազարյան․ «Ժողովուրդ»

Հիմա ինչպե՞ս խաղաղության պայմանագիր ստորագրես, երբ հողերդ օկուպացված են․ Հովիկ Աղազարյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 14-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկել է երկրում ստեղծված պատերազմական վիճակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իր թիմակիցներին Եվրոպայից ու Ռուսաստանից եկող ազդակների, մտահոգությունների մասին է փոխանցել: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ակաները քննարկել են, թե աշխարհի շատ երկրներ (հիմնականում՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն) Հայաստանին հորդորում են, կոչ են անում, ինչ-որ տեղ անգամ՝ ստիպում են ստորագրել «խաղաղության պայմանագիրը»: Բայց, ի տարբերություն Եվրոպայի, դա ստորագրելու խորհուրդ չի տալիս Ռուսաստանը, որովհետեւ ստորագրելը «Արցախից հրաժարվել» կնշանակի: Եվ այժմ անհասկանալի իրավիճակի առաջ է կանգնել Նիկոլ Փաշինյանը, չիմանալով՝ ինչ անել: 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց՝ նման հարցադրումով քննարկում չի եղել իրենց մոտ: «Ու, ընդհանրապես, խաղաղության պայմանագրին բավական է այդքան թեթեւ նայենք: Խաղաղության պայմանագիրը փաստաթուղթ չէ, որ դա կնքես ու դրանով ապրես: Այն պետք է իրողություններն արձանագրի, ու հիմա ինչպե՞ս խաղաղության պայմանագիր ստորագրես, երբ հողերդ օկուպացված են: Ես կյանքում խաղաղության պայմանագիր չեմ կնքել, բայց դրա առաջին կետը, կարծում եմ, հետեւյալը պետք է լինի, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ մենք ընդունենք, որ եկել, մտել են մեր տարածքները. նման բան ինչպե՞ս կլինի»,- նշեց նա: 

Ըստ ՔՊ-ականի՝ նախ՝ պետք է պայմանավորվել, որ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր տարածքից, հետո՝ նոր պետք է խոսել պայմանագրի մասին: Ավելին, մինչեւ սահմանազատում չլինի, չի կարող երկրների միջեւ պայմանագիր կնքվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: