երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հիմա 12-րդ դարը չէ, որ 50 մետրի հեռավորությունը բան որոշի․ Փաշինյանը՝ Կիրանցի և Ոսկեպարի սահմանազատման մասին

Հիմա 12-րդ դարը չէ, որ 50 մետրի հեռավորությունը բան որոշի․ Փաշինյանը՝ Կիրանցի և Ոսկեպարի սահմանազատման մասին

 Սահմանագծման ոչ մի սցենարով Կիրանց գյուղի բնակիչը ստիպված չի լինելու Իջևան գնալու համար Ադրբեջանի տարածքով անցնել։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչ են տալու սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանին, հայաստանյան 4 բնակավայրերին։
 
«Ամենավատ սցենարով իրականացնելու դեպքում՝ Ոսկեպարի բնակիչն էլ՝ չէ, որովհետև մենք Ոսկեպարը Կիրանցին միացնող նոր ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտություն կարող է՝ ունենանք, կարող է՝ չունենանք»,- նշեց Փաշինյանը։
 
Ըստ նրա՝ սա 12-րդ դարը չէ, որ 50 մետրի տարբերությունը որոշիչ լինի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կամ այն կողմ ընկնել։
 
«Եթե սահմանազատումը և մյուս քայլերը չեն երաշխավորում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու Ադրբեջանի չհարձակվելը, ճիշտ չէ՞ արդյոք, որ կռիվը սկսվի 2 կմ, այլ ոչ թե 200 մետր հեռավորությունից»,- հարցրել էր Գեղամ Նազարյանը։
 
Փաշինյանի խոսքով՝ ժամանակակից զենքերով տասնյակ կիլոմետրերի վրա թիրախ խոցելու խնդիր չկա։ Նրա խոսքով` այնպես չէ, որ 50 և 100 մետրի միջև տարբերություն չկա, սակայն այն մեր խնդիրը չի լուծում։ ՀՀ վարչապետը խոստացավ՝ երբ սահմանագծման հարցում զարգացում լինի, որի իրականացման հավանականությունը 50-60 տոկոսից բարձր լինի, ինքը կրկին կայցելի բնակավայրեր ու կխոսի մարդկանց հետ։

  • Կիսվել: