երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀԿ-ն դեռ իր պայքարի փուլը չի ունեցել, մենք միշտ եղել ենք աջակից, հերթը ոնց որ մերն է. Մամիջանյան

ՀՀԿ-ն դեռ իր պայքարի փուլը չի ունեցել, մենք միշտ եղել ենք աջակից, հերթը ոնց որ մերն է. Մամիջանյան

Նախորդ տարիների շարժումներն իրենց հիմնական նպատակին չեն ծառայել, որովհետեւ դեկտեմբերի 31-ին 12-ից 5 պակաս բոլորս զզվանքով անջատելու ենք հեռուստացույցը եւ 12-ից հետո նորից միացնենք, որովհետեւ Փաշինյանն է ուղերձ կարդալու: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Իհարկե, դրանք ունեին բազմաթիվ սխալներ, որոնց մի մասը օբյեկտիվ էր, մի մասը՝ սուբյեկտիվ: Ես կոնտրպրոդուկտիվ եմ համարում այդ սխալների մասին հրապարակային խոսելը, որովհետեւ ես պայքարի ընկերներիս հաշվին քաղաքական դիվիդենտ վաստակելու սովորություն չունեմ: Ես չեմ ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափով Հայաստանի ամենառեյտինգային քաղաքական գործիչը: Դա ՀՀԿ-ին սազական չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին 5 տարիներին չի եղել որեւէ պայքար, որին ՀՀԿ-ն չի միացել:

«Բայց ֆիքսենք, որ ՀՀԿ-ն իր նախաձեռնած պայքարի փուլը չի ունեցել այս տարիների ընթացքում, մենք միշտ եղել ենք աջակից: Հերթը, ոնց որ թե մերն է: ՀՀԿ-ն չի կարող հարմարվել դավաճաններին ու կապիտուլյանտներին մի պարզ պատճառով. Մենք չենք կարողանա նայել մեր այն պայքարի ընկերների, հարազատների, ընտանիքների անդամների աչքերին, որոնք այս պահին  այդ պայքարի արդյունքում անազատության մեջ են: Աշոտյանի որդիներին, Մալյանի երեխաներին, Ասլանյանի ընտանիքի անդամներին, մյուս բոլոր քաղբանտարկյալ ընկերներին: Կամ ո՞նց կարող ենք հարմարվել, երբ ամեն օր փողոցում, ֆեյսբուքում տեսնում ենք այն ողբերգությունները, որոնք հարյուր հազարներով ապրել են մեր հայրենակիցները»,-ասաց նա:

Մամիջանյանը հավելեց, որ ՀՀԿ-ի ծրագրերը չի մանրամասնում, քանի որ դա կվնասի այդ ծրագրերի արդյունավետությանը:

  • Կիսվել: