ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ վարչապետի և կառավարության որոշումն է եղել, որպեսզի Ռուբինյանը ևս ներգրավված լինի վաշինգտոնյան բանակցություններում. Խանդանյան

ՀՀ վարչապետի և կառավարության որոշումն է եղել, որպեսզի Ռուբինյանը ևս ներգրավված լինի վաշինգտոնյան բանակցություններում. Խանդանյան

Ես կարծում եմ՝ սա շատ տարօրինակ վերլուծություն և մեկնաբանություն է, որովհետև պարոն Ռուբինյանն իր գործունեության մեջ միմիայն Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ չի զբաղվում, սա Հայաստանի վարչապետի և Կառավարության որոշումն է եղել, որպեսզի պարոն Ռուբինյանը ևս ներգրավված լինի այս բանակցություններում և բնականաբար Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերը չեն կարող քննարկվել այդ հարթակում: Lրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության այն քննադատությանը, թե Ռուբեն Ռուբինյանի վաշինգտոնյան բանակցություններում ներառվելը, նշանակում է, որ Թուրքիան էլ է ներքաշվում բանակցությունների մեջ՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Խոսելով միջազգային մեխանիզմների արդյունավետության մասին՝ Խանդանյանն ասաց. «Պետք է այդ երաշխիքներն այնքան հուսալի լինեն, այնքան երաշխավորված լինեն, որպեսզի հնարավոր լինի հավատալ, որ համաձայնագրի ստորագրումն իսկապես կնպաստի խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը: Քննարկման առանցքը հենց դա է՝ հասկանալ, թե ինչպես է երաշխավորվելու խաղաղության համաձայնագրի կենսունակությունը»:

Լրագրողի այն հարցին, թե ինչ է անում Հայաստանն այն պարագայում, երբ Ադրբեջանն անտեսում է միջազգային մեխանիզմները՝ Սարգիս Խանդանյանը նշեց. «Սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից և մտածի, որ պետք է հավերժ պատերազմի իր հարևանների հետ, ուստի մեր նպատակն է, որպեսզի գտնենք մի բանաձև, որով հնարավոր կլինի այս տարածաշրջանի բոլոր երկրների համակեցությունը միմյանց հետ»:

Թե որքանով է ինքը հնարավոր համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Խանդանյանն ասաց. «Եթե ես հնարավոր չհամարեի, ապա չէի սատարի Հայաստանի կառավարությանը, ես չէի մասնակցի ընտրություններին այն ծրագրով, որով մասնակցել է ՔՊ-ն և չէի շարունակի պաշտպանել իմ քաղաքական ուժին, իմ քաղաքական ուժը հավատում է, որ հնարավոր է խաղաղություն այս տարածաշրջանում և անում է իրենից կախված բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի դա հավանական լինի: Իհարկե, Ադրբեջանը հեշտ հարևան չէ, և մենք տեսել ենք Ադրբեջանի ամբողջ վարքագիծն այս տարիների ընթացքում և դրա համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրության տեսանելիությունը մեր տարածաշրջանի նկատմամբ ավելի բարձրանա և հնարավոր լինի զսպել Ադրբեջանին»:

  • Կիսվել: