ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, կազմակերպությունները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, կազմակերպությունները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշել է դեռ արտակարգ դրության առաջին օրերին լրատվամիջոցների հրապարակումների հետ կապված սահմանափակումները, որոնք տարբեր կոչերի ու հորդորների ներքո որոշվեց վերացնել։

«Մենք ականջալուր լինելով տարբեր հորդորներին, հանեցինք խոսքի ազատության սահմանափակումները՝ մտածելով, սա ընդդիմություն-իշխանություն հարց չէ, համազգային հարց է։ Բայց տեսա՞ք ինչ եղավ հետո։ Այսօրվա իրավիճակի պատճառներից մեկը հենց կառավարության այդ որոշումն է, այ որ ասում են՝ ինչ եք սխալ արել, հենց դա ենք արել սխալ», - հայտարարեց վարչապետը։

Այդուհանդերձ, ըստ կառավարության ղեկավարի, կառավարությունը չի հրաժարվի այդ մտքից, բայց չի էլ հրաժարվում խոստովանել, որ այդ քայլը սխալ էր։

«Մարդկանց ուղղակի մղում են մահվան, ընդ որում՝ մարդկանց մղում են մահվան գարշահոտություն տարածող քաղաքական դիակների ֆինանսավորմամբ, որովհետև գարշահոտություն տարածող ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու», - հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով մամուլի մասին Մարուքյանի հայտարարությանը, թե ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է իրականացնում թերթերում, Փաշինյանը հայտարարեց․

«Հայաստանում կուսակցությունները, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ այդ ձեր ասած նախկին նախագահ կոչվածները իրենց թալանած փողերով չբերեն ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ հիբրիդային ատերազմ մղելու համար։ Չհասկացա՝ ինչո՞ւ պետք է կառավարությունը լինի 100 տոկոս թափանցիկ, իսկ մյուսները չլինեն»։

  • Կիսվել: