երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բագրատ Զաքարյանն ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

Բագրատ Զաքարյանն ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

«Հանրապետություն» կուսակցության անդամ Բագրատ Զաքարյանն ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Բագրատ Զաքարյանը 15-ից 8 կողմ ձայնով ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար»,- գրել է Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Մեղրի համայնքում հաղթել էր Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 59,47 տոկոսը։ Մեղրիում պայքարում էին 4 քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Նոյեմբերի 3–ին հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կոալիցիոն հուշագիր են ստորագրել։

Հուշագրով նախատեսվում է համայնքային իշխանությունը բաժանել միմյանց միջև․ 5 տարվա առաջին կեսը` 2.5 տարին, կպաշտոնավարի «Հանրապետություն» կուսակցությունը, մյուս 2.5 տարին՝ «Ազատական» կուսակցությունը` ի դեմս Խաչատուր Անդրեասյանի:

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը։ Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ «Հանրապետություն» կուսակցություն՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 5 մանդատ, «Ազատական» կուսակցություն՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ։

  • Կիսվել: