հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Ուրցաձորում հողային օրենսդրության պահանջների խախտում է հայտնաբերել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Ուրցաձորում հողային օրենսդրության պահանջների խախտում է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը ՀՀ հողային օրենսդրության պահանջների խախտման, իրավախախտումներ կատարելու վերաբերյալ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ ստուգումներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։

Այս մասին տեղեկանում ենք քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Ստուգման արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը տասնյակ խախտումներ է թույլ տվել՝ հողամասեր վարձակալության տալով, օտարելով, մրցույթների հաղթող ճանաչելով իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի աշխատակցի:

Այսպես՝

Համայնքի ղեկավարը 2010 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ 25 տարի ժամկետով իր կնոջը՝ Լիդա Խաչատրյանին է վարձակալության տրամադրել 359 թաղամասում գտնվող 1.0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս՝ տարեկան վարձավճարի չափ նախատեսելով 1200 ՀՀ դրամը։ Իսկ հուլիսի 30-ին համայնքի ղեկավարը ստորագրել է համաձայնագիր առ այն, որ չի առարկում նույն հողամասից 150 քմ մակերեսի չափով «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին 10 տարի ժամկետով ենթավարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ։ Դրա հիմքով 2010թ. օգոստոսի 5-ին Լ․ Խաչատրյանի և «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքվել է հողամասի ենթավարձակալության պայմանագիր՝ ընդամենը 150 քմ հողամասի վարձակալության վճարը նախատեսելով ամսական 50 հազար ՀՀ դրամ։

2.Ռ.Անդրեասյանը 2007թ. մայիսի 5-ին ձևականորեն կազմակերպել է հրապարակային սակարկություն՝ 2 անձանց մասնակցության պարագայում ընդամենը 1 աճուրդային քայլով Ուրցաձորի գյուղխորհրդի նախկին շենքը՝ 329 քմ և դրա զբաղեցրած հողամասը՝ 1820 քմ, օտարել է որդուն՝ Դավիթ Անդրեասյանին։ 2016թ. օգոստոսի 5-ին կազմակերպված 2 աճուրդներում ևս հաղթող է ճանաչել իր որդուն: Ընդ որում՝ մի դեպքում պետական գրանցում ստանալու նպատակով իբրև սահմանված մեկնարկային գինը վրիպակ որակելու համար՝ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Արարատի մարզային ստորաբաժանման ղեկավարին 26.08.2016թ. գրություն է հասցեագրել այդ մասին։

2006թ. նոյեմբերի 3-ին կազմակերպվել է հրապարակային սակարկություն, ընդամենը աճուրդային 2-րդ քայլով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի հաղթող է ճանաչել Ա. Կիրակոսյանին, որն էլ իր հերթին 2011թ. դեկտեմբերի 28-ին առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է համայնքի ղեկավարի որդուն՝ Դ․ Անդրեասյանին։ Վերջինս 2015թ. օգոստոսի 7-ի նվիրատվության պայմանագրով հողամասն օտարել է քրոջը՝ Ալվարդ Անդրեասյանին և Վյաչեսլավ Լալայանին։ Նույն ամսի 20-ին նվիրառուների կողմից գույքը ներդրվել է «Դեյվ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում։ Նույն տարվա սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավարի կողմից տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ գազալցակայան կառուցելու նպատակով։ Գազալցակայանի կառուցումն ավարտվել է 2016թ.նոյեմբերի 7-ին։ 2018-2020 թթ. ընթացքում վերոնշյալ հողամասում և դրա սահմաններից դուրս ինքնակամ շինություններ են կառուցվել, ինչը համայնքի ղեկավար Ռ. Անդրեասյանի կողմից չի կանխվել, իսկ կառույցներին մինչև ստուգման պահը չի տրվել կարգավիճակ՝ դրանով վնաս պատճառելով համայնքային շահերին:

Համայնքի ղեկավարի կողմից ձևական հրապարակային սակարկություններ ու աճուրդներ են կազմակերպվել նաև 2017թ. սեպտեմբերի 29-ին և 2020թ. նոյեմբերի 30-ին: Առաջինում աճուրդի հաղթող է ճանաչվել համայնքապետարանի համայնքային ծառայող Պ.Վարդանյանի որդին՝ Ս. Վարդանյանը, իսկ երկրորդում ծանրաբեռնված է շինությունով հողամասն օտարվել է:

Պարզեցված կարգով փոխել է սեփականության իրավունքով քաղաքացի Գ.Գյուրջյանին պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ այն սահմանելով գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության։ Այնուհետ այդ հողամասի վրա իբր նոր կառուցվող գյուղատնտեսական մթերք վերամշակող չրանոցի կառուցման նպատակով տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, այնինչ շինությունն իրականում ոչ թե գյուղատնտեսական, այլ հասարակական նպատակային նշանակության է։ Այդպիսով՝ էական վնաս է պատճառվել համայնքային շահերին։

Համայնքի ղեկավարը սահմանված կարգով չի ապահովել տեղի ունենալիք հրապարակային սակարկության վերաբերյալ ծանուցումը և միջոցներ չի ձեռնարկել 2021թ. հոկտեմբերի 27-ին նախատեսված 13 լոտերի հրապարակային սակարկությունների վերաբերյալ հայտարարությունը ՀՀ Արարատի մարզպետարանի կայքէջում տեղադրելու ուղղությամբ։Դրա հետևանքով չի ապահովվել մեկից ավելի անձանց մասնակցությունը, և բոլոր աճուրդներին մասնակցել է ընդամենը մեկ անձ՝ չձևավորելով մեկնարկային գնից բարձր գին։

Համայնքի ղեկավար Ռ․Անդրեասյանը 2020-2021թթ. ընթացքում չի կասեցրել և կանխել ինքնակամ շինարարությունն ու հողամասերի զավթումները: Առաջին դեպքում համայնքի ավագանու անդամ Ա.Կիրակոսյանի կողմից կառուցվող առևտրի սրահի, ավտոտնակի և պարսպի կառուցման ավարտից հետո 2021թ. հոկտեմբերին կառույցները համայնքի ղեկավարի կողմից օրինականացվել են։ Երկրորդ դեպքում զավթված հողամասը որպես ջրային տարածք ինքնակամ օգտագործվում է Ուրցաձոր համայնքի բնակիչ Ա. Սարգսյանի կողմից։

Համայնքի ղեկավարը, էական վնաս պատճառելով համայնքային շահերին և անտեսելով հողամասի՝ շինությունով ծանրաբեռնված լինելը (հաստատել է որակավորված անձի չափագրումը և տեղյակ է եղել հատակագծում նշված ինքնակամ կառույցի մասին)՝ 2020թ. նոյեմբերի 30-ին աճուրդով օտարել է գյուղատնտեսական նպատակային նշանակության 400 քմ հողամասը, մինչդեռ այն կադաստրային արժեքով (մեկնարկային գին) օտարելու փոխարեն պարտավոր էր օտարումն իրականացնել ինքնակամ կառույցի օրինականացման վարույթի շրջանակներում՝ փոխելով հողամասի նպատակային նշանակությունը՝ պահպանելով նախատեսված ընթացակարգը։

Այսպես՝ ինքնակամ կառուցված հասարակական նպատակային նշանակության շինությունների օրինականացման հաշվարկը պետք է կատարվեր ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջով՝ առ այն, որ ինքնակամ կառույցներն օրինական ճանաչվելու դեպքում` հողամասի սեփականատերը համապատասխան բյուջե պետք է մուծի վճարներ հաuարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով»։ Իսկ օրինականացման վճարներն էլ պետք է հաշվարկվեին ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցներով։

Վերոգրյալից բացի, Ռ. Անդրեասյանը անտեսել է նաև ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի պահանջը և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող և ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասը օտարելիս օտարման կադաստրային արժեքը եռապատիկի փոխարեն հաշվարկել է կրկնապատիկով:

Համայքնի ղեկավար Ռ․Անդրեասյանը, անտեսելով ՀՀ կառավարության կողմից հաստատած կարգը և առանց մարզպետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնություններն ու եզրակացությունները ստանալու, միանձնյա վարձակալության իրավունքով 2021թ. հունիսի 10-ի պայմանագրով քաղաքացի Գ. Կարապետյանին է տրամադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության 20.1 հա ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հողամասը:

Համայքնի ղեկավարը չի կանխել «Շեն-Կոնցեռն» ՓԲ ընկերության (հետագայում՝ «Գոլդ Լայմ» ՓԲ ընկերություն) կողմից վարձակալությամբ ստացած հողամասի սահմաններից դուրս հատվածում, կադաստրային քարտեզով և 2014թ. օրթոֆոտոհատակագծով հաշվարկված մոտ 5480 քմ մակերեսով հողամասի՝ հանքարդյունահանման միջոցով հողազավթումը։

Համայնքի ղեկավարի կողմից 2018թ. հուլիսի 6-ին կազմվել և ստորագրվել է կեղծ իրավունք վերապահող փաստաթուղթ նկուղային հարկով բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքում «հողամասի առկա վիճակը» մասում ներառվել է «չկառուցապատված» բառը, մինչդեռ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տալուն նախորդող ամսում շինությունն արդեն կառուցված է եղել։

ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմք ընդունելով հանգամանքը, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների հատկանիշներ, հայտնաբերված հանրորեն վտանգավոր արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Իրավաբան.net

  • Կիսվել: