հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպք

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպք

Դեպքն անցյալ տարի էր կատարվել` Կոտայքի մարզում: Փետրվարի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով։ Ավելի ուշ պարզվեց` սպանվածն Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի 4 պարկուճ։ Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, սկսեցին համատեղ աշխատանքը: Առաջ քաշվեցին և հերքվեցին տարբեր վարկածներ: Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերեցին և սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման ենթարկեցին երկու անձի, որոնք հենց նույն օրը ձերբակալվեցին։ Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներ` 35 և 30-ամյա տղամարդկանց մեղադրանք առաջադրվեց։ Մարտի 2-ին նրանք կալանավորվեցին։ Ձեռնարկված համալիր միջոցառումների և քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվեց, որ 2010թ. Կարեն Խնուսյանը Հունաստանում սպանել էր կալանավորվածներից մեկի եղբորը, Սալոնիկի վերաքննիչ դատարանի կողմից դատապարտվել 57 տարվա ազատազրկման, սակայն ապօրինի հատելով սահմանը` ժամանել էր Հայաստան: Սպանվածի եղբայրն էլ պատրաստվել էր վրեժ լուծել, բայց քննությանն այս պահին հայտնի տվյալներով` հանցագործությունն ավարտին չէին հասցրել, որովհետև ինչ-որ մեկն իրենցից առաջ սպանել էր նրան: Սպանությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին: Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին մի շարք բնակարաններ։ Հայտնաբերվեցին տարբեր տեսակի հրազեններ, ինքնաձիգի փամփուշտներ և այլ ռազմամթերք, որոնք առգրավվեցին և ուղարկվեցին փորձաքննության։ Դեպքից մեկ տարի անց Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների համատեղ միջոցառումներով պարզվեցին գործի համար էական նշանակություն ունեցող ոչ միայն մի շարք հանգամանքներ, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Փոխգործակցելով ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես և քննչական մարմինների հետ, բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ սպանությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի 48-ամյա մի բնակիչ: 2020 թ. փետրվարի 4-ին սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ հայտարարվեց հետախուզում:


Ձեռնարկվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ հետախուզվողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: