ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ն, ՌԴ-ն ու Ադրբեջանը քննարկել են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն, ՌԴ-ն ու Ադրբեջանը քննարկել են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին ասված է Դուշանբեում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքներով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

՛՛Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Վերահաստատել են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու հանձնառությունը։

Նշվել է առաջընթացը առանցքային ոլորտներում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը՝ Եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ, ինչպես նաեւ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ դրան հաջորդող սահմանագծման գործընթացը Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ գործարկելու ջանքերը՝ կողմերի խնդրանքով։

Քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախապատրաստման թեմատիկան, որին ռուսական կողմը նույնպես պատրաստ է ամեն կերպ նպաստել։

Նախարարներն արտահայտվել են հօգուտ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հասարակությունների ներկայացուցիչների միջեւ երկխոսության շարունակմանը՛՛,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

  • Կիսվել: