կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ն կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Արշակյան

ՀՀ-ն կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը, բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հուլիսի 11-ին հանդիպել են Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի եւ աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ: Տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ: «Մեր պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր օղակներից է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը պատիվ ունեմ ես ղեկավարելու»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրել է, որ վերջերս պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ մասնակցել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած «Ռաիսինա երկխոսությունե («Raisina Dialogue») 8-րդ միջազգային համաժողովին:

«Տպավորված եմ այցից, որի շրջանակում նաեւ հանդիպել եմ Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլայի հետ: Այցի ընթացքում տեղի են ունեցել նաեւ մի շարք արդյունավետ եւ կառուցողական հանդիպումներ: Պետք է ասեմ, որ այցը բովանդակալից էր, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը` հավելելով, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ պրոֆեսոր Աչուտա Սամանտայի այցը նույնպես, ի թիվս բազում ծրագրերի, կնպաստի երկու երկրների միջեւ կրթության ոլորտում նորանոր միջբուհական միջոցառումների եւ ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն ու Հնդկաստանն արդյունավետորեն համագործակցում են կրթության ոլորտում: Հնդիկ ուսանողներն ուսանում են Երեւանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի ագրարային համալսարանում:

Հնդկաստանի Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի (KIIT) եւ սոցիալական գիտության (KISS) համալսարանի հիմնադիր պրոֆեսոր Աչուտա Սամանտան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության կարեւորությունը, որն ուղղված է հայ եւ հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքները, ստեղծված իրավիճակը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում: Նա խոսել է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին` նշելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ եւ Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում խաղաղ օրակարգի քաղաքականություն է որդեգրել: Պրոֆեսոր Աչուտա Սամանտան ներկայացրել է մասնագիտական ուսուցման առաջադեմ կենտրոնների` Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի եւ Սոցիալական գիտությունների համալսարանների գործունեությունը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Ծովինար Վարդանյանը, տեղեկացնելով, որ վերջերս մասնակցել է Բուբանեսվարում կայացած G20 համաժողովի շրջանակում անցկացվող Y20 երիտասարդական համաժողովին, շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Աչուտա Սամանտային ընձեռված հնարավորության համար:

Նա նշել է, որ երկու պետությունների միջեւ կրթական ոլորտում համագործակցության ընդլայնման համար առկա են մեծ հնարավորություններ: «Համաժողովի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ նշանավոր անձանց, տեսել եմ ձեր կատարած անգնահատելի աշխատանքը, որը ոգեշնչում է բոլորին:Ձեր նվիրվածությունն  աշխատանքին եւ այն բոլոր բարին, որ անում եք բացառիկ համեստությամբ կարիքավորների համար, անգնահատելի է»,- նշել է Ծովինար Վարդանյանը:

Նա հույս է հայտնել, որ այս այցը հնարավորություն կտա գտնելու ամուր կամուրջներ, որոնք կծառայեն երկու երկրներին:

«Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները սկիզբ են առել քաղաքակրթության սկզբից: Երկու երկրներն էլ անցել են շատ դժվար ժամանակներ: Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, եւ այդ հարաբերությունները զարգանում են մեծ ակտիվությամբ:

Հայաստանն այսօր դեռ գտնվում է իր անվտանգության խնդիրների լուծման գործընթացում: Ինչպես գիտեք, մեր կառավարության հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելն է, եւ չնայած բոլոր դժվարություններին` մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին:

Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է մեր միջազգային գործընկերների աջակցությունն այս գործընթացում»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ պատիվ ունի մեծ պատասխանատվությամբ ընդունելու KIIT եւ KISS համալսարանների միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ դառնալու առաջարկը: Ծովինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հայ ուսանողներին KIIT-ում լիարժեք կրթաթոշակով սովորելու ընձեռված հնարավորության համար:

  • Կիսվել: