ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ: Այս մասին պարզաբանում է տարածել ՆԳՆ-ն:
«ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության առնչությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դրույթների, ինչպես նաև միջազգային և երկկողմ այլ պարտավորությունների շրջանակներում ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:
Խնդրո առարկայի շուրջ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ առկա է մշտական աշխատանքային կապ:
Հարկ է նաև նշել, որ Ներքին գործերի նախարարության կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։
Նշենք նաև, որ հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման։
Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը՝ օրենքով սահմանված կարգով։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ժողովրդավարական պետություն, ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին ասել է, որ Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։
«Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրգոլամին։
Նրա խոսքով՝ շատերը սպասում են, որ Իրանում անկայունություն կլինի և կակտիվանան անջատողական ուժերը՝ նպատակ ունենալով մասնատել երկիրը։
«Հենց դա էլ ի սկզբանե ծրագրված է եղել Իսրայելի կողմից։ Նրանց դա չի հաջողվի, բայց եթե նրանք կարողանան հաջողության հասնել այդ գործում, ապա Հայաստանը կհայտնվի պարտվողների թվում։ Կարծում եմ՝ այս միտքը լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի»,- հավելել է դեսպանը: