ՀՀ իշխանությունը չի շնորհավորել Արցախի նախագահին, քանի որ վախենում է Ադրբեջանից. Սեյրան Օհանյան
Անկախ ամեն ինչից մեր երկրի ղեկավարները պետք է շնորհավորեին Արցախի Հանրապետության նախագահին. Այդ չշնորհավորելու պատճառը ոչ թե ստեղծված իրավիճակն է, այլ այն վախերը, որոնք գոյություն ունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի շնորհավորել Արցախի նոր նախագահ Սամվել Շահրամանյանին՝ ընտրվելու կապակցությամբ:
«Իրենք վախենում են իրենց միջազգային պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերել երեւի Ադրբեջանի հետ: Եկեք այսպես ասենք՝ Համարձակ ղեկավարները կշնորհավորեին», - նշեց Օհանյանը:
Նա ասաց, թե ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, զրոյացրել են Արցախի անվտանգության հարցով հանձնառությունը:
«Այս պայմաններում Արցախը պետք է ավելի ինքնուրույն ու ազատ գործոն դառնա, որ կարողանա միջազգային հարաբերություններում իր շահերը թելադրի Ադրբեջանին», - նշեց Օհանյանը:
Ըստ նրա` Ադրբեջանի վրա այսօր ազդելու միակ հնարավորությունը միջազգաին հարթակներն են: