կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
ՀՀ իշխանությունները Դամասկոսի անկման արդյունքում բարդ իրավիճակում են հայտնվել․ «ՀայաՔվե»

ՀՀ իշխանությունները Դամասկոսի անկման արդյունքում բարդ իրավիճակում են հայտնվել․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մինչև Թրամփի ընտրությունները նրանք գործում էին այն տրամաբանությամբ, որ թեև իրենք աստիճանաբար իրականացնում են երկրում ռուսական ազդեցության կրճատման և թուրքական ազդեցության ավելացման քաղաքականություն, որին աջակցում է ԱՄՆ գործող վարչակազմը, իսկ ՌԴ-ն էլ չի հակառակվում սեփական կարողությունների սահմանափակության պատճառով, հիմա իրավիճակը փոխվում է։

Նախ, ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումն այդքան էլ պարզ չէ ՌԴ-ի մասով, այն փորձելու է նրա հետ Ուկրաինայի հարցով հաշտության եզրեր գտնել, և չի բացառվում, որ արդյունքում զիջումներ անի Հարավային Կովկասի հարցում։ Դա մենք շատ շուտով կտեսնենք Վրաստանի մասով՝ եթե արևմտամետ ընդդիմությունը համակերպվի ընտրություններում իր պարտության հետ, նշանակում է` ԱՄՆ-ն բավարար ռեսուրսներ չի դրել նրան աջակցելու մեջ։

Այդ պայմաններում Փաշինյանի իշխանությունը ստիպված է լինելու ՌԴ ուղղությամբ փոխել քաղաքական կուրսը, բայց նա արդեն այնքան կամուրջներ է այրել, այնքան ատելություն է սերմանել, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա նրան հաջողվելու»։

  • Կիսվել: